«Սա ԶՈւ-երի զինանշանը չէ, այլ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակ»
«Ես գիտեմ, որ բոլորս միաժամանակ մասնագետ ենք տիեզերքից մինչև բալետ ու ֆուտբոլ։ Բայց խնդրում եմ մինչև վերջ կարդալ։ Սա ՀՀ ԶՈւ-երի զինանշանը չէ, այլ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երեկ հրապարակված ՊՆ տարբերանշանի օրինակի շուրջ ծավալված քննարկումներին։
«Եթե մի կողմ թողնենք մեր անձնական կարծիքները, ապա այստեղ կարևոր է մի քանի հանգամանք։
1. Սա նախագիծ է, պաշտոնական չէ, վերջնական չէ։
2. Ոչ այս նկարում, ոչ երեկվա շրջանառված նկարում գծերի համաչափությունը կարող է պահպանված չլինել, քանի որ այն վեկտորային ֆայլը չէ։
3. Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական։ Կարող է դառնալ»,- գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ երեկ հայտարարվեց՝ ՀՀ ՊՆ-ն նոր զինանշան ունի, որի հեղինակը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սադնիկովն է։
Նա, անդրադառնալով նոր զինանշանի վերաբերյալ քննարկումներին, գրել է «Սիրելի ընկերներ, բավականին հետաքրքիր քննարկում ծավալվեց այստեղ։ Համոզված եմ ձեր բարձր մասնագիտական որակների, էսթետիկ ճաշակի և բանակին օգնելու պատրաստակամության մեջ։ Եկե՛ք ամփոփ առաջարկներ ներկայացնենք ՀՀ ՊՆ աշխատակազմին՝ եղած վրիպումները շտկելու և մի գուցե նոր տարբերակներ քննարկելու վերաբերյալ։ Կարող եմ փոխանցել համապատասխան պաշտոնյաների տվյալները և ծանոթացնել իրենց հետ, համոզված եմ, որ ձեր առաջարկները կուսումնասիրվեն։ Նկարի հեղինակը ես եմ, էջումս տեղադրելու նպատակն էլ կարծիքներ լսելն էր, ինչը տեղի ունեցավ։ Շնորհակա՛լ եմ»։