Գերմանիայի ԱԳՆ. Օսվենցիմի կրկնությունը կանխելը մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է
Օսվենցիմում տեղի ունեցածի հիշողությունը գերմանացիների համար նշանակում է պատմական պատասխանատվություն։ Գերմանիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն այդ ժամանակաշրջանի իրադարձությունների կրկնությունը կանխելն է: Այս մասին այսօր թվիթերում գրել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը՝ Կարմիր բանակի կողմից նացիստական խոշոր համակենտրոնացման ճամբարի՝ Օսվենցիմի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: Այս մասին գրում է Tass-ը։
«Օսվենցիմը նշանակում է մեզ համար պատմական պատասխանատվություն։ Թող այն այլևս երբեք չլինի։ Սա Գերմանիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է․ այնտեղ, որտեղ մենք տրամադրում ենք մարդասիրական օգնություն, որտեղ մենք պաշտպանում ենք մարդու իրավունքները, նաև այնտեղ, որտեղ մենք փորձում ենք լուծել հակամարտությունները և ճգնաժամերը դիվանագիտական ճանապարհով»,-գրել է Մաասը:
Հիշեցնենք, որ 1945-ի հունվարի 27-ին Կարմիր բանակը ազատագրեց Աուշվից-Բիրկենա համակենտրոնացման ճամբարը, որում այդ ժամանակ մնացել էր մոտ 7 հազար բանտարկյալ, այդ թվում՝ մի քանի հարյուր երեխա: Ըստ տարբեր աղբյուրների՝ ճամբարում մահացել են տարբեր ազգությունների 1,5-ից 2 միլիոն մարդ։
ՄԱԿ-ի որոշմամբ հունվարի 27-ը ողջ աշխարհը նշում է Հոլոքոստի հիշատակի միջազգային օրը: