Բանակը լինելու է առավել քան ուժեղ. Դավիթ Տոնոյան
Մեր սպառազինությունն ու այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են Զինված ուժերում իրենց խնդիրները կատարելու համար, ավելացված են: Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախարարը նշեց, որ ռազմական գաղտնիք չի բացահայտի, միայն ընդգծեց, որ այդ կարողություններն ավելացել են տասնյակ տոկոսներով։
Անդրադառնալով զորամասերում սննդի մատակարարման նոր համակարգին, Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ զորամասերի մոտ 40 տոկոսն արդեն անցել են սննդի ապահովման նոր ձևաչափին։ Նախարարն ասաց՝ անում են ամեն ինչ, որ այս տարի զորամասերը 100 տոկոսով անցնեն այդ համակարգին. «Փորձնական ծրագիրը հաջողված է, կարող եմ ավելին ասել՝ նույնիսկ անսպասելի հաջողված»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ՍՈւ-30-երի հաջորդ խմբաքանակը երբ կհասնի Հայաստան, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Շուտով»։
Հարցին, թե ինչ պետք է ակնկալել 2020 թվականին, նախարարն ասաց, որ բանակը լինելու է առավել քան ուժեղ: