Արամ Սարգսյան. Հակառակորդը որոշակի գործողություններ անելոց առաջ այդ ուղղությամբ մտածելու է
«Արցախյան ազատամարտի սկզբին, երբ բանակը ձևավորված չէր, ֆիդայական շարժում էր, հետո ապրիլյան պատերազմը, ինձ հստակ հիմնավորեցին, որ չկա աշխարհում որևէ զենքը, որը կարող է հաղթել ոգուն»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, մեր զինվորի, մեր աշխարհազորայինի ոգին է, որ հաղթել է այդ պատերազմում, թշնամին պետք է դա շատ լավ իմանա:
«Մենք պահում ենք մեր հայրենիքը, ցույց տվեցինք, որ տարածաշրջանի իսկապես ամենամարտունակ բանակն ենք»,- ասաց Ա.Սարգսյանը:
Նա նշեց, որ հայ մարդը սիրում է իր բանակը, հայ մարդն իր բանակով է իրեն պաշտպանված զգում:
«Այսօրվա օրը տոն է բոլորիս համար: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ուժերի ներածի չափով, խնդիրը միայն նյութական չէ, նաև ոգեղենով, փորձի պաշտպանել մեր բանակին, օգնել այնտեղ եղած թերությունները վերացնել, հետ նայելով՝ շտկել նախկին եղած սխալներն այսօր ավելի արդիական, ավելի ժամանակակից, ընկալելի, հզոր բանակ ունենալու համար, Աստված մի արասցե, պատերազմի դեպքում էլ հնարավորինս առանց զոհերի հաղթանակ ունենալու համար»,- ասաց Ա. Սարգսյանը:
Նա նշեց, որ իրեն ուրախացնում է նոր զինատեսակաների, զենքերի գնումը:
«Հավատացեք, դրանք բավականին լուրջ զենքեր են, հակառակորդը որոշակի գործողություններ անելոց առաջ այդ ուղղությամբ մտածելու է»,- ասաց Արամ Սարգսյանը: