Աշխատում ենք բանակը չներքաշել քաղաքականության մեջ. Արմեն Սարգսյան
Այս 28 տարիների ընթացքում մենք բանակով միայն ձեռքբերումներ ենք ունեցել։ Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը։
Սարգսյանի խոսքով, բացթողումները, որոնք նաև եղել են կորուստներով, բնական է պատերազմական երկրի համար. «Եթե համեմատական անցկացնենք մեր թշնամու հետ, մենք բավականին շահած վիճակում ենք դուրս եկել»։
Համակարգի բացթողումների մասին խոսելով՝ Սարգսյանն առանձնացրեց Ապրիլյան քառօրյա պատերազմը։
«Մնացած առումներով կորուստնրերը բավականին թանկ են նստել մեր վրա, բայց եթե վերցնենք քանակական առումով, մենք շահած ենք դուրս եկած»,- նշեց Սարգսյանը։
Վերջինիս խոսքով, այսօր ամեն ինչ արվում է ապագայի համար, որպեսզի հայոց բանակն օր օրի ավելի բարգավաճի, ավելի հզորանա, ավելի նորանա, նոր տեխնիկայով զինվի. «ՊՆ-ն իր առջև դրված բոլոր հանձնարարականները կատարում է լիարժեք»։
Անդրադառնալով Արցախյան հարցի կարգավորմանը՝ Սարգսյանը նշեց, որ պատերազմով՝ հարցի խաղաղ կարգավորում լինել չի կարող։
«Ես տեսնում եմ հարցի կարգավորումը միայն բաակցությունների միջոցով»,- նշեց Սարգսյանը։
Անդրադառնալով բանակում միջանձնային հարաբերությունների հետևանքով զոհերի թվաքանակի աճին՝ Սարգսյանը նշեց, որ այնպիսի հզոր բանակում, որն ունի Հայաստանը, նման դեպերը չեն կարող չլինել։
«Մենք պետք է աշխատենք մինիմալի հասցնել այդ թիվը։ 2019 թվականի արդյունքներով մենք ունենք ինքնասպանությունների, մարտական և ոչ մարտական գոծողությունների ժամանակ զոհերի քանակի բավականին նվազում։ Մեծ բանակի մեջ կան զինվորներ, ովքեր դաստիարակության պակաս են ունեցել, և այս դեպքերը դրանից էլ են գալիս։ Զորամասերում անցկացվում է բարոյահոգեբանական մեծ աշխատանք, և զսպվում են կոնֆլիկտները, որոնք կարող են առաջանալ»,- նշեց Սարգսյանը։
Ներքաղաքական իրավիճակին Արմեն Սարգսյանը հրաժարվեց անդրադառնալ, նշելով, որ պաշտպանության նախարարությունը քաղաքականությամբ չի զբաղվում և իրենք աշխատում են բանակը չներքաշել քաղաքականության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ