Տիգրան Հակոբյան. Մեզ մոտ այդ կոնսենսուսն է պակաս
«Մենք չենք կարող կարգավորել մի բան, որի մասին միայն խոսում են շշուկով կամ պրետենզիաներով: Այս խնդրի կարգավորումը հաստատ գոյություն ունի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե շատ լրատվամիջոցներ այս փուլում խնդիր ունեն իրենց տաղավարներում ապահովել հակառակ կողմի տեսակետը, ի՞նչ անեն այդ լրատվամիջոցները, պե՞տք է պարտավորեցնել գործող իշխանությանը պարբերաբար հանդես գա այդ լրատվամիջոցներում:
Նա նշեց, որ մի քանի հեռուստաընկերությունների ղեկավարների առաջարկել է, եթե ինչ-որ մեկը հրաժարվում է գալ ու ներկայացնել իր տեսակետը, դիմեն փաստերով, իրենք էլ փորձեն կոչ անել ներկա լինել:
Տ. Հակոբյանն ընդգծեց, որ որևէ գրավոր բողոք չեն ստացել, բայց շատ են լսել բողոքներ:
«Շատ եմ խոսել լրատվամիջոցների տնօրենների հետ: Բողոքն այն է, որ ինչ որ բան քննարկելիս իշխանության կամ իշխող ուժի կամ ընդհանրապես հակառակ տեսակետը ներկայացնելու համար որևէ մեկը չի գալիս: Հավատացնում եմ, այդ հեռուստաընկերությունների ղեկավարներն ինձանից լավ գիտեն, թե ինչպես դա ապահովել, պարտադրել, որովհետև այդպիսի օրինակներ կան»,- ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով, պետք է ոչ թե պնդել, որ ուզում են կոնկրետ այդ անձը ներկայանա ու հնչեցնի այդ կողմի տեսակետը, այլ ընտրությունը թողնել նրանց:
«Եթե այս պարագայում այդ աթոռը դատարակ թողեն, հնչի մի տեսակետը, 1-2 նման բաներից հետո ցանկացած քաղաքական ուժ, իշխանական թև, ինստիտուտ, հասկանալով, որ դա շատ ուժեղ խփում է իրենց հեղինակությանը, կապահովեն իրենց ներկայությունը: Նման տասնյակ հնարքներ կան»,- ասաց Տ.Հակոբյանը:
Նա նշեց, որ պետք է փորձել հասկանալ, թե որն է խնդիրը, ինչու այդ մարդիկ չեն գալիս:
«Շատ ժամանակ սա մանիպուլյատիվ դաշտ ենք տեղափոխում: Հավատացնում եմ ձեզ, նաև հեռուստաընկերությունը պետք է վաստակի այն վստահությունը, որպեսզի հաճելի լինել գնալ ու խոսել, գիտես, որ չեն աղավաղի»,- ասաց Տ. Հակոբյանը:
Նրա խոսքով, կարևորագույն դաշտ, է պետք է տարանջատել պետական, կարևորագույն խնդիրները լոկ քաղաքական պայքարից, «ինադ ընկնելուց, այ եթե չեկար, ես իրավունք ունեմ հայհոյել քեզ, կամ եթե եկար ու իմ ընկերս ես, այսպես ես»:
«Լրատվական դաշտն այսօր բաժանված է ճամբարների, ինչը կարելի է հաղթահարել կոնսենսուսով ու հարցը բարձրացնելով: Կարող ենք հայտարարություն ընդունել, կոչ անել այդ մարդկանց, միգուցե նաև օրենսդրական բան լինի: Չկա որևէ պրոբլեմ, որը հնարավոր չէ լուծել հանրային կոնսենսուսի շնորհիվ, մեզ մոտ այդ կոնսենսուսն է պակաս»,- ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: