Հարազատները վերադարձան գյուղ՝ հուղարկավորելու մահացած զինծառայողին
Հունվարի 30-ին Արցախում անհայտ հանգամանքներում մահացած 19-ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո համաձայնեցին վերադառնալ Արմավիր, հուղարկավորել մահացած երիտասարդին։
Մինչ այդ նրանք սպառնում էին զինծառայողի դին Հանրապետության հրապարակ հասցնել, «որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի»։
«Սա մեզ պատիվ չի բերում, ոչ էլ եղբորդ է պատիվ բերում։ Ես գալիս եմ ձեզ հետ, ձեր, իմ սգո արարողությանը մասնակցելու։ Եթե գնում եք Հրապարակ, գնացեք ու ձեր գործողություններն արեք, եթե չէ, գալիս եմ ձեզ հետո սգո արարողությանը մասնակցելու, իմ հակառակորդի նախարարի աչքերին այլևս չեմ կարողանա նայել»,-ասաց Տոնոյանը բարկացած հարազատներին։
Հիշեցնենք, որ հարազատները պնդում են, Վ. Ավագյանն ինքնասպան չի եղել, նման մեղադրանք առաջադրվել է՝ կոծկելու իրականությունը։ Նրա մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Մեղադրանքից դժգոհ հարազատները,բարեկամները, համագյուղացիները զինվորի դին ոտքով հասցրել էին գրեթե Երևան՝ Արգավանդ։
Այստեղ ոստիկանությունը մեծաքանակ ուժեր է կենտրոնացրել։
Հիշեցնենք, որ ինքնասպանության վարկածին չեն հավատում նաև դեկտեմբերի 2-ին Արցախի ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած Արթուր Աջամյանի հարազատները։
Նրանք օրեր շարունակ բողոքի ակցիաներ իրականացրեցին ԱԺ-ի, կառավարության դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ։