Կրեմլը արձագանքել է Էրդողանի հայտարարություններին՝ Ղրիմը Ռուսաստանին «բռնակցելու» մասին
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս ունի վավեր հրավեր՝ այցելելու Ղրիմ, որպեսզի նա կարողանա ավելի լավ ուսումնասիրել Ղրիմի թաթարների իրավունքներին վերաբերող հարցը: Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը ևս մեկ անգամ հայտարարել էր, որ ինքն ու իր երկիրը չեն ճանաչի Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, իսկ Անկարան կշարունակի վերահսկել Ղրիմի թաթարների իրավիճակը։
«Մենք բազմիցս խոսել ենք Ղրիմի թաթարների վերաբերյալ եղած անհանգստության անհիմն լինելու մասին»,-ասել է Պեսկովը ՝ նշելով, որ Կրեմլը համաձայն չէ Էրդողանի դիրքորոշման հետ:
Նա նաև ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս խոսել է այս թեմայի շուրջ Թուրքիայի առաջնորդի հետ:
2014-ի մարտին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որից հետո թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը դարձավ դաշնային նշանակության քաղաք: