Ուկրաինական օդանավի կործանման հարցում Իրանն այլևս չի համագործակցի Կիևի հետ
Իրանը հայտարարել է անցյալ ամիս ուկրաինական մարդատար օդանավի կործանման հետ կապված տեղակատվությունն այս երկրի հետ փոխանակելու գործընթացը դադարեցնելու մասին։ Տեղեկատվության փոխանակումը դադարեցնելու որոշման մասին Թեհրանը հայտարարեց այն բանից հետո, երբ ուկրաինական հեռուստալիքներից մեկը հեռարձակեց Իրանի օդային երթևեկության կառավարման կենտրոնից փոխանցված մի ձայնագրություն։ Ձայնագրությունը Թեհրան ժամանող օդանավերից մեկի օդաչուի և ցամաքային կառավարման կենտրոնի միջև խոսակցությունից է, որի ժամանակ օդաչուն պարսկերեն լեզվով հայտնում է, որ իր «ուղու վրա տեսնում է հրթիռի լույս»։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Իրանն ընդունել է հունվարի 11-ին Ուկրաինական ավիաուղիներին պատկանող մարդատար օդանավը սխալմամբ կործանելու մեղքը։ Ըստ Իրանի կառավարության, իր ուժերը մարդատար այս օդանավը շփոթել են թշնամու հրթիռի հետ, քանի որ «այն տեղի է ունեցել Իրաքում ամերիկյան ռազմաբազաներից մեկի դեմ, որպես պատժամիջոց, իր կողմից իրականացված օդային հարձակումից մի քանի ժամ անց»։
Իրանը բողոքում է, որ Ուկրաինան հրապարակել է ձայնագրություն, որը պահվել է որպես գաղտնի տեղեկություն։ Ուկրաինայի կողմից այդ ձայնագրության հրապարակայնացումը Թեհրանն անվանել է «ոչ արհեստավարժ քայլ»։
«Մենք այլևս որևէ տեղեկություն չենք հանձնի ուկրաինական կողմին», -հայտարարել է Թեհրանը։