Բադասյան. Եթե ՍԴ դատավորները ճնշում են տեսնում որևէ կողմից իրենց նկատմամբ, կարող են դիմել վարչապետին
«Հանրաքվեն նշանակված է, հանրաքվեն կայանալու է: Եթե այնպիսի մի բան փոխվի, որ իմաստազրկվի պրոցեսը, տեսական հարց է, բայց չենք ուզում «եթե, ապա-ով» այդպիս հարցերի պատասխանել»,- Ազգային ժողովուոմ լրագրողների հետ ճեպազրուցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա նշեց, որ դատաիրավական բարեփոխումների նպատակն իրապես անկախ դատական համակարգ ունենալն է, անկախ ոչ միայն գործադիրից, օրենսդիրից, անկախ նաև արտաքին ազդեցություններից, որոշ շրջանակների ազդեցություններից, հետևողականորեն գնալու են այդ ուղղությամբ:
Անդրաառնալով միջազգային կառույցների հայտարարությններին, նախարարը նշեց. «Ես չեմ տեսել որևէ այնպիսի հայտարարություն, որը մտահոգիչ կլինի կամ դիտվի որպես մտահոգիչ: Տեսել եմ, որ Հայաստանում մեկնարկած դատաիրավական, հակակոռուպցիոն բարեփոխումներին միջազգային կառույցների կողմից տրվել են լավ, բարձր գնահատականներ: Մեր խնդիրն է այս փուլում ցույց տալ, որ բարեփոխումները շարունակական են լինելու, անպայման միջազգային հանրության հետ միասին կշարժվենք այդ ուղղությամբ»:
Հարցին, թե ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ իրավական առումով խնդիր է տեսնում, որ երկրի ղեկավարը հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել ՍԴ բոլոր դատավորների հետ, ինչպե՞ս եք գնահատում, Ռ. Բադասյանն ասաց. «Կարծում եմ՝ խնդիրը նրանում է, որ եթե որոշակի պարզաբանման հարցեր կան կամ, օրինակ, Սահմանադրական դատարանի դատավորները ճնշում են տեսնում որևէ կողմից իրենց նկատմամբ, կարող են նաև այդ հարցով դիմել Հայաստանի վարչապետին: Վարչապետն այդ մասով որևէ միտում չուներ որևէ կերպ կասկածի տակ դնելու որևէ անկախ մարմնի անկախության խնդիրը»: