«Ցանկացած մարդ իրեն պիտի դնի զոհված ազատամարտիկի ծնողի տեղը». Ծառուկյան
«Հայաստան են եկել 400 և 200 միլիոն գումարներ 0-0.25% տոկոսադրույքով, որը պետք է տրամադրվեր գյուղատնտեսական վարկի տեսքով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
ԲՀԿ ղեկավարը նշեց՝ այն գումարը, որ Հայաստանին տրվել է 0-0.25% տոկոսադրույքով, գյուղացուն պետք է տրամադրվի 2-2.5 % տոկոսադրույքով, քանի որ ԿԲ-ն իրավունք ունի 1% ավելացնելու և 1% էլ կարող է վարկը տրամադրող բանկն ավելացնել.
«Իսկ գյուղացիներն, ըստ իրենց խոսքի, այդ վարկերը ստացել են 20-35 % տոկոսադրույքով։ Դրա համար հարկավոր է լսումներ անցկացնել՝ հասկանալու՝ ժողովուրդը ճիշտ է ասում, թե ոչ։ Գյուղացիների ողջ ունեվածքը, որ գրավ են դրել, մնացել է բանկերին։ Եթե այդպես է, պետք է լիարժեք միջոցներ ձեռնարկվեն, որ այդ բանկերը գրավը վերադարձնեն գյուղացուն։ Թե չէ գյուղացին վարկը վերցրել, 5 անգամ ավելի վճարել ա, ոչ տունն է իրենը, ոչ հողատրածքը, վարկն էլ դեռ փակում է։ Բանկերը ժողովրդի հաշվին գերշահույթ են ստացել»։
Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև 2020 թվականի ընթացքւոմ բանակում 13 զոհ ունենալու հանգամանքին։ Նա նշեց, որ բանակի հետ կապված մտահոգություն այսօր բոլոր քաղաքացիներն ունեն։
«Ցանկացած մարդ իրեն պիտի դնի զոհված ազատամարտիկի ծնողի տեղը, մարդը երեխա է մեծացնում, ուղարկում է բանակ, որ առողջ վերադառնա, բայց շատ ցավալի է, շատ վատ է։ Անմիջապես պետք է ուսումնասիրվի, որ ովքեր մեղավոր են, ովքեր դրդում են այդ դեպքերը, պետք է մասսայական պատժվեն։ Թե չէ ծնողը պատրաստ է իր երեխային ուղարկել ծառայելու, բայց երեխային ինչ աստիճանի են հասցնում, որ նա ինքնասպան է լինում։ Պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի՝ ուսումնասիրելու, ինչն է այդ դեպքերի պատճառը։ Իրոք սրտի ցավով ցավակցում եմ, ցանկացած մարդ թող իր վրա վերցնի, էդ հարցով պետք է մարդիկ զբաղվեն»,- նշեց Ծառուկյանը։
Հարցին՝ արդեն որոշում կա՞, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ «Բարգավաճ Հայասան» խմբակցությունը որ թևում է լինելու՝ «այո»-ի, թե՞ «ոչ»-ի, Ծառուկյանը պատասխանեց՝ մենք վաղը խորհրդի նիստ ունենք, կլսենք բոլորին, վերջնական որոշման մասին կասենք։
Դիտարկմանը, որ մամուլում շրջանառվում են լուրեր «ԲՀԿ»-«Իմ քայլը» քաղաքական առևտրի մասին, Ծառուկյանը աձագանքեց՝ Նիկոլ Փաշինյանի հետ ահագին ժամանակ չի հանդիպել. «Դատարկ բաներ են, այդպիսի բան չի եղել»։
Հարցին, իսկ հնարավո՞ր է Սասուն Միքայելյանն է միջնորդ հանդիսացել Ծառուկյան-Փաշինյան երկխոսության համար, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց՝ այսինքն միջնորդը Սասուն Միքայելյա՞նն է։
«Ուրեմն Գագիկ Ծառուկյանն էնքան փոքրացել է, կարիք ունի միջնորդությունների՞։ Կյանքում Ծառուկյանը միջնորդությունների կարիք չունի։ Եթե հանդիպած լինեի, կասեի հանդիպել եմ, եթե քննարկելու լինեի, կասեի քննարկել եմ։ Ծառուկյանը տակից-վրից խաղեր տալու ճանապարհը վաղուց անցել է»,- ասաց նա։
Հարցապնդմանը, որ հենց խաղեր տալու մեջ է մեղադրվում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, քանի որ սահմանդրական փոփոխությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում չի հայտնում, Ծառուկյանը արձագանքեց՝ իրենք հանրաքվեին կողմ են, բայց նախագծում կան օրենքի խախտումներ։
«Էդ մեղադրողներին բերեք առերես դեմս, էդ մուտիլովչիկներին, սադրողներին, որ ուզում են սարքեն, ինչ-որ հակասություններ բերեն։ Ես գիտեմ՝ վաղն ինչ է լինելու, 20 օր հետո՝ ինչ։ Եթե մարդը փորձառու է, իրեն չեն կարող սադրանքների մեջ գցել։ Էդ դպրոցները մենք վաղուց անցել ենք»,- եզրափակեց խոսքը ԲՀԿ առաջնորդը։
Հարակից հրապարակումներ`
- Բադասյան. Եթե ՍԴ դատավորները ճնշում են տեսնում որևէ կողմից իրենց նկատմամբ, կարող են դիմել վարչապետին
- Կոնկրետ ո՞ր դատավորի նկատմամբ ով և ինչպիսի ճնշում է գործադրել. Պետրոսյան