ՔԿ-ն գաղտնալսած քննիչի արարքում կարգապահական խախտման հատկանիշներ չի գտել
Քննչական կոմիտեն գաղտնալսած քննիչի արարքում կարգապահական խախտման հատկանիշներ չի գտել ու դադարեցրել է ուսումնասիրությունը։
«20.01.2020թ. «A1 plus» լրատվական կայքում «Տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդի միջև խոսակցության անթույլատրելի գաղտնալսում» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքների և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ա.Զոհրաբյանի գրության կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ հանձնարարությամբ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրությամբ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա.Գյոզալյանի արարքում կարգապահական խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել, և 2020թ. փետրվարի 12-ին ուսումնասիրությունը դադարեցվել է»,-նշում են ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ խոսքը փաստաբան Էդգար Թումասյանի և իր վստահորդների հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու մասին է։
Փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն այս առնչությամբ
Հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում փաստաբան Էդգար Թումասյանի և իր վստահորդների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, ինչպես նաև հետագայում այն ավագ քննիչ Արմեն Գյոզալյանի կողմից զննելը, համապատասխան արձանագրության մեջ արտացոլելը և քրեական գործին կցելը խախտում է փաստաբանական գաղտնիքի վերաբերյալ ներպետական և միջազգային իրավակարգավորումները:
-Դատապարտել էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Գյոզալյանի կողմից փաստաբանական գաղտնիքը խախտող գործողությունները:
- Հորդորել էր իրավասու ՀՀ պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ փաստաբանի և, վերջինիս վստահորդի միջև հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունների լսման և ձայնագրառման նյութերն անհապաղ ոչնչացնել։