Փաշինյանի իշխանությունը խնդիր է դրել բոլշևիկյան քաղաքականություն իրականացնելու. Թևանյան
«Իշխանության և վարչապետի իրականացրած նախաձեռնությունում տեսնում եմ 4 ենթատեքստ՝ հոգեբանական, քաղաքական, իրավական և տնտեսական»,- այս մասին այսօր «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։
Անդրադառնալով հանրաքվեի հոգեբանական ենթատեքստին՝ Թևանյանն ասաց, որ Փաշինյանը հայտարարում է՝ Հայաստանում չկա դատավոր, որ իրեն կարող է ասել «չէ», սակայն պարզվեց՝ կան այդպիսիք, մասնավորապես՝ ՍԴ-ում. «ՍԴ պատերին հանդիպելիս պայթում է իր ամենակարողության միֆը: Հոգեբանական իմաստով իր համար շատ կարևոր է գրոհել և գրավել ՍԴ-ն, որպեսզի ցույց տա, որ ինքն ուժեղ է»։
Բացի այդ, ըստ Թևանյանի, սահմանադրական փոփոխություններում կա նաև իրավական խնդիր։
«Գործ ունենք իրավական խնդրի հետ, որն ամրագրված է Սահմանադրության 2-րդ հոդվածում։ Ես ակնհայտորեն նկատում եմ մեկ անձի կամ մի խումբ անձանց կողմից իշխանության յուրացման փորձ, սահմանադրական կարգի տապալման փորձ: Եվ ճակատագրի հեգնանքով այս իշխանությունն է ներկայացրել մեղադրանք իր ընդդիմադիրներին՝ սահմանադրական կարգի տապալման հարցով։ Սա քրեական օրենսգրքի 300, 300.1-ի տակ է ընկնում։ Դա հետագայում է նրանց վերաբերելու»,-նշեց Թևանյանը:
Քաղաքական առումով, ըստ բանախոսի, խնդիր է դրվում՝ մեկ անձի շուրջ բռնապետական ռեժիմ հաստատելու և իշխանության տարանջատման սկզբունքն իսպառ վերացնելու. «Օրենսդիր և գործադիր իշխանությունները գրավված են, և հիմա խնդիր է դրվում ամբողջությամբ դատական համակարգը ենթարկեցնել և մահմեդական, ասիական, աֆրիկյան երկրներին հարիր քաղաքական համակարգ ձևավորելու»։
Ինչ վերաբերում է տնտեսական կողմին, ապա Թևանյանի կարծիքով, սահմանադրական փոփոխության հիմնական նպատակը հենց տնտեսական խնդրին է վերաբերում։
«Ինչպես հայտնի է, Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր ոք կարող է դիմել դատարան, երբ սպառված են բոլոր հնարավորությունները 1-ին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դառատարաներում, հնարավորություն կա վիճարկել այն օրենսդրական ակտը կամ փաստաթուղթը, որի համաձայն խախտվել են քաղաքացու իրավունքները: Եթե ուշադրություն ենք դարձնում, թե ինչպիսի օրինագծեր են ներկայացնում այս իշխանությունները, կտեսնենք, որ Փաշինյանի իշխանությունը խնդիր է դրել կապիտալի վերաբաշխման և, փաստացի, բոլշևիկյան քաղաքականություն իրականացնելու՝ առանց գաղափարախոսության: ՍԴ-ն կարող է դրան խանգարել»,- ասաց Թևանյանը։
Նա նշեց, որ այն միջազգային պարտավորությունները, որոնք ենթադրաբար կարող են ազդել այս իշխանությունների վրա, նույնպես ստիպում են, որ «բուդկայի» պես սեփականաշնորհեն ՍԴ-ն։
«Ես կուզեի քաղաքացիներին ասել, որ քվեարկության է դրված հետևյալ հարցը՝ «Հարգելի հպարտ քաղաքացիներ, համաձա՞յն եք, որ ձեր ես-ն ու մի ամբողջ պետություն դրվի մեկ մարդու քմահաճույքի տակ, արդյոք համաձա՞յն եք, որ Հայաստանում հաստատվի մեկ մարդու բռնատիրական ռեժիմ, կամ համաձա՞յն եք՝ չորս ոտքով քայլելն ավելի լավ է, քան երկուսով։ Իշխանությունը կոչ է անում, որ ասեք այո, ավելի հեշտ է չորս ոտքով քայլել»։
Հարակից հրապարակումներ`
- Գրիգորի Մուրադյան. Սահմանադրական պետությունն անհամատեղելի է ծայրահեղական պոպուլիզմի հետ
- Երվանդ Վարոսյան. Սահմանադրության փոփոխություններով դրվում է մի ական, որը պայթելու է 12 տարի հետո
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին