Լրատվամիջոցները, որոնք իրենց հաճելի չեն, տասնյակ հազարավոր ֆեյքերով փորձում են ճնշել. Սամսոնյան
«Իմ նկատմամբ հարուցված քրեական գործի պատճառը աղբյուրի չբացահայտման հետևանք է»,- «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները․ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը:
Նա նշեց, որ իր դեմ հարուցված գործն ունի նաև անձնական և քաղաքական պատճառներ, և այդ աղբյուրը չբացահայտելուն հետևել է իր նկատմամբ քրեական գործ հարուցելը և որպես մեղադրյալ ներգրավելը.
«Իրավական առումով աբսուրդային գործ է, որովհետև որևէ ցուցմունք չկա, բայց իրենք այդ ցուցումների հիման վրա են արել, այնտեղ իրավական այնպիսի ծիծաղելի վիճակ է, որ գործին ծանոթացած փաստաբաններն ասում են՝ հետագայի մասին ինչ վատ պատկերացումներով են էս մարդիկ այս գործն արել: Քաղաքական բովանդակությունը բավականին առատ է»,- ասաց նա:
Սամսոնյանը նշեց, որ թեև antifake.am-ը դեռևս մեկ տարվա գործունեություն չունի, բայց հասցրել է մեծ բացահայտումներ անել՝ սկսած Աննա Հակոբյանի տասնյակ հազար դոլարներով վարսահարդար ունենալու թեմայից, շարունակած «Բոգարտից» կահույք գնելով, կառավարական առանձնատան վերանորոգումով, մեքենաների գնումով.
«Մեր հիմնական թիրախում եղել են կառավարության այն գործողությունները, որոնք իրենց համար ցավոտ են եղել: Իրենք ցավոտ են տանում այդ վերաբերմունքը։ Վլադիմիր Կարապետյանի հրաժարականը մենք գիտեին մեկ օր առաջ, հայտարարել էինք, որ Հովհաննես Մովսիսյանն է հաջորդ հրաժարական տվողը: Նա հրաժարական չտվեց զուտ նրա համար, որ մենք դա ասել էինք: Հետո եկավ «իկռայի» պատմությունը, որը հարյուր տոկոսանոց ճիշտ է, իրենց համար վերջնական հասավ այն տեղին, որ իրենք հետդարձի ճանապարհ չունեն, և այդ գործը ստեղծվեց»։
Սամսոնյանն ընդգծեց՝ հարցուցված գործը և իրեն՝ որպես մեղադրյալ ներգրավելը շարունակությունն է իշխանության սկսած շղթայի։
Նա ներկայացրեց իրենց վերջին բացահայտումները՝ Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի կողմից ղեկավարվող յութուբյան ալիքների վերաբերյալ, որոնք ատելության խոսք են տարածում հօգուտ Նիկոլ Փաշինյանի։
«Մենք այսօր գործ ունենք իշխանության կողմից խրախուսվող լրագրության մի տեսակի հետ, որն ամբողջությամբ հերյուրանքներ,ատելության խոսք և զրպարտություն է տարածում, բայց լրատվամիջոցները, որոնք իրենց հաճելի չեն, իրենք այդ 8-րդ ալիքներով, ֆեյքերի ՊՈԱԿ-ի տասնյակ հազարավոր ֆեյքերով փորձում են ճնշել»,-ասաց Նարեկ Սամոսնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այդպես էլ անհայտ մնաց, թե ովքե՞ր, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով ներխուժեցին մեր խմբագրություն. Քնար Մանուկյան
- Մենք ունենք ինֆորմացիա հայթայթելու շատ ավելի ծանր իրավիճակ, քան մինչև 2018 թվականը. Օհանյան