Վենետիկի հանձնաժողով. Թարգմանչի «բացթողումն» ու կառավարության խաչը
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն անհիմն է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից փետրվարի 13-ին արված մամուլի հայտարարությունների հետ կապված բոլոր շահարկումները։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հայտնում ենք, որ Վենետիկի հանձնաժողովի հետ կապված նախադասությունը չհիշատակելը եղել է թարգմանչի կողմից բացթողում, և եթե վարչապետի լրատվական ծառայությունը որևէ տեղեկատվություն ցանկանար թաքցնել կամ չներկայացնել, ապա վարչապետի գրեթե բոլոր հանդիպումներն ուղիղ հեռարձակմամբ չէր ներկայացնի։ Տեղեկացնում ենք նաև, որ վարչապետի պաշտոնական կայքում շահարկվող հատվածի թարգմանությունը ներառվել է»,- ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ սխալը նկատել ու դրա մասին բարձրաձայնել էր Արմեն Աշոտյանը.
«Չեմ կողմնորոշվում, դուք ավելի շատ պաթոլոգիկ խաբեբանե՞ր եք թե՞ անտաղանդ վախկոտներ:
Ուրեմն այսօր կայացած Մերկել-Փաշինյան հանդիպման տեսագրությունն եմ նայում Նիկոլ Փաշինյանի ՖԲ էջում, որն հեռարձակվել է հայերեն թարգմանությամբ:
Հետո մտնում եմ Գերմանիայի կանցլերի պաշտոնական էջ ու լսում հանդիպման տեսագրությունն առանց թարգմանության:
Ու պարզվում է ի՞նչ:
Անգելա Մերկելն իր խոսքում Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը, ինչի մասին հայերեն թարգմանության մեջ ԽՈՍՔ ՉԿԱ:
Այդ հատվածը ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունից»։
Կառավարության արձագանքից հետո Աշոտյանը հայտարարեց. «Կառավարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Մերկելի խոսքից Վենետիկի հանձնաժողովի մասին հիշատակումը թաքցնելու մեղքը կանխատեսելիորեն գցել է թարգմանչի վրա:
Ու ներողության փոխարեն մի մուննաթ, մի զուննաթ, թե բա. "շահարկվող հատված":
Թարգմանիչը հասկացանք, ձեզ крайний եք գտել, բարդում եք վրեն: Բա վարչապետի պաշտոնական կայքէջում ո՞վ էր սկզբից աղավաղված տեղեկությունը տեղադրել ու տարածել: Այլմոլորակայիննե՞րը թե Մերսում Դինու՞լը։
Նման դեպքերում ժողովուրդը մի խոսք ունի, ասում է. «պադոշ»:
Փաստորեն, երբ փորձում եք ժողովրդին մոլորեցնել ու խաբել, իսկ հետո բռնվում եք, մի հատ էլ մե՞նք ենք մեղավոր, որ ձեր ստերն ու մանիպուլիացիաները ջրի երես ենք հանում:
Ու ձեր «հեռարձակումները» մեր վրա թանկ չծախեք, ժամանակակից աշխարհում մեծ դժվարություն չէ, ինչպես տեսաք, այլընտրանքային աղբյուրներով ճշտել և բացահայտել իրողությունները, ինչը և անում եմ ձեր բոլոր միջազգային այցերի ընթացքում:
Դուք Վենետիկի հանձնաժողովից վախենում եք, ինչպես սատանան՝ խաչից»։
Թարգմանության հետ նման խնդիր ավելի վաղ առաջացել էր ԱԳՆ-ի դեպքում, երբ հայերեն թարգմանության մեջ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքում ավելացումներ էին արել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան