ԱՄՆ-ի կոնգրեսականներն իրենց գրասենյակի աշխատակիցներին կգործուղեն Ղարաբաղ՝ ընտրություններին հետևելու
Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ հայտարարել են, որ ղարաբաղյան կողմի հրավերով իրենց աշխատակիցները կմեկնեն Լեռնային Ղարաբաղ՝ մարտի 31-ի ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով:
«Մենք անշուշտ ցանկանում ենք արդար ընտրություններ տեսնել Արցախում մարտի 31-ին, ուստի ձեզ տեղյակ եմ պահում, որ որոշել եմ նաև իմ աշխատակցին ուղարկել ընտրությունների ընթացքին հետևելու», -նշեց կոնգրեսականը։
Պաշտոնական Բաքուն, որը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում, այնտեղ անցնող բոլոր ընտրությունները «օկուպացված տարածքներում քաղաքական շոու» է անվանում:
Ճանաչի Ադրբեջանը Ղարաբաղի անկախությունը թե ոչ՝ կյանքն այնտեղ շարունակելու է զարգանալ, համոզված է հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Կանչելյան Սփիրը։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Շատ կարևոր է, որ այնտեղի ժողովրդավարությունը շարունակական լինի»,-ասել է Ջեքի Կանչելյան Սփիրը։
Կոնգրեսի աշխատակիցների թվում ընտրությունների ընթացքի մոնիտորինգ իրականացնելու համար Ղարաբաղ է պատրաստվում մեկնել կոնգրեսական Ֆրանք Փալոնի ավագ խորհրդական Ջեյմս Ջոնսոնը։
«Ուսումնասիրել և տեսել եմ, որ Արցախի նախորդ ընտրությունները եղել են ազատ, արդար և թափանցիկ բոլոր չափանիշներով: Հույս ունենք, այժմ դրանք նույնպես ազատ կլինեն»,-ասել է Ջեյմս Ջոնսոնը։
Ջոնսոնի ղեկավար, կոնգրեսական Ֆրանք Փալոնն իր կողմից ավելացնում է, որ շատ կարևոր է ողջ աշխարհին ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարություն է հաստատված։
«Մենք ցանկանում ենք մատնանշել, որ Արցախում գործող ժողովրդավարություն է, որը համապատասխանում է ազատ հասարակության բոլոր չափանիշներին»,-նշել է Ֆրանք Փալոնը։
Չնայած մի շարք կոնգրեսականների որոշմանը, Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը նախկինում չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի տարածքում անցած ընտրությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում