Մյունխենում պետք է ցուց տրվեր Ադրբեջանի դեստրուկտիվ պահվածքը, ինչը չարվեց. փորձագետ
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն այսօր անդրադարձավ մյունխենյան հանդիպմանը։
Մեկնաբանելով Մյունխենյան դեբատների արդյունքները՝ փորձագետը շեշտեց, որ Ալիևն առանց օրակարգի էր եկել հանդիպման. «Եկել էր շոուի համար, ինչը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ խնդրի կարգավորմանը»։
Ըստ Հովհաննիսյանի՝ Ալիևը քամահրանքով էր խոսում միջազգային կարևոր իրավունքի նորմի՝ ինքնորոշման իրավունքի մասին, ասելով, որ եթե հայերն ուզում են երկրորդ անգամ ինքնորոշվեն՝ թող գնան ուրիշ երկրներում անեն, ոչ թե Ադրբեջանում։ «Ալիևը հաստատեց իրենց ասելիքը, իրենց պետք է Ղարաբաղն առանց հայերի, իսկ ավելի ճիշտ՝ տարածաշրջանն առանց հայերի», - նկատեց բանախոսը և հավելեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ կանգնելու ինչ որ տարածքի վրա, իրենց նպատակները միշտ ավելի հեռու գնալն է, օրինակ՝ Զանգեզուրը։
Տարոն Հովհաննիսյանը կարևորեց բանակցությունների գործընթացից «տարածքներ» եզրույթի դուրս հանումը և ճիշտ է համարում վարչապետի կողմից դրանք «անվտանգություն» որակելու փորձը, որը սակայն նախկինում էլ է արվել։
Փորձագետը հայտնեց, որ մյունխենյան հանդիպումների նման միջոցառումներում շատ կարևոր է, որ ցույց տրվեր՝ Ադրբեջանը դեստրուկտիվ պահվածք ունի, ինչը չարվեց։