Գիրք նվիրելու օրը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում
Մեծ տարածում գտած և արդեն ավանդական դարձած գրքի տոնին գրքերի նվիրատվություն էր կազմակերպվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:
Այսօր՝ փետրվարի 19-ին, լրացավ հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակը:2008թ.-ից Հայաստանի Հանրապետության գրողների միության և կառավարության որոշմամբ Մեծ վարպետի ծննդյան օրը նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ ու Ստեփանավան քաղաքի մշակույթի և ժամանցի կենտրոնի նախաձեռնությամբ հիմնարկի գրադարանում կազմակերպվել էր ցերեկույթ: Կենտրոնի փոխտնօրեն Հասմիկ Սահակյանը և տեխնիկական բաժնի վարիչ Սամվել Ավագյանը կենտրոնի անձնակազմի անունից հանդիսավոր կերպով գրքեր նվիրաբերեցին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի գրադարանին: Միջոցառմանը մասնակցել են նաև ազատազրկված անձինք:
Կենտրոնի փոխտնօրեն Հ. Սահակյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, կարևորել է անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ հասարակության ուշադրությունը:
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը, հիմնարկի անձնակազմի և ազատազրկված անձանց անունից շնորհակալություն հայտնեց Մշակույթի և ժամանցի կենտրոնի ողջ անձնակազմին նախաձեռնության համար՝ հույս հայտնելով, որ մշակութային տարաբնույթ միջոցառումները կենտրոնի հետ համատեղ կկրեն շարունակական բնույթ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ