Կառավարությունը գոլդ ամսաթվին սկսեց իր հերթական նիստը
ՀՀ կառավարության հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց, որից 16-ը չզեկուցվող են։ Նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սկսելով նիստի աշխատանքները Նիկոլ Փաշինյանը նիստի օրը՝ 2020 թվականի փետրվարի 20–ը համարեց «գոլդ» ամսաթիվ, որից հետ միաձայն ընդունվեց չզեկուցվող հարցերի փաթեթը։
Այսօրվա նիստում գործադիրը կքննարկի Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, Աշխատանքային օրը տեղափոխելու մասին, «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին, «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին կառավարության որոշումները։
Կառավարությունը կդիտարկի նաև «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կնքված երկու համաձայնագրերի ընդունման և վավերացման մասին օրենքի նախագծերը։