Սկսվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վերանորոգումը
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ սկսվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վերանորոգումը:
«Ինչպես հենց նոր տեղեկացրեց «Էրեբունի» շահագործման տեղամասի պետ Հենրիկ Մարտիրոսյանը, ավարտվել է մնացորդային ջրի հեռացումը այս խոշոր, շուրջ 40 կմ երկարություն ունեցող խողովակաշարից և սկսվեն են վերանորոգման աշխատանքները:
Վթարը տեղի է ունեցել Նուբարաշենի աղբավայրից քիչ հեռու՝ ձորում: Ջրատարի երկու խողովակներ, թերևս հողի սողքի պատճառով, իրարից հեռացել են 5-6 սմ, որով պայմանավորված ջուրն ուժեղ շիթով դուրս է մղվել ու շուրջբոլոր հողը քանդել:
Նախատեսվում է աշխատել նաև գիշերը՝ լուսարձակների լույսով՝ վերանորոգումը հնարավորինս արագ ավարտելու համար: Սակայն ևս մի քանի ժամ կպահանջվի խողովակաշարը նորից ջրով լցնելու ու բաշխիչ ցանցում բավարար ճնշում ապահովելու համար: Այնուամենայնիվ, «Էրեբունիում» աշխատում են այն հաշվով, որ վաղն առավոտյան վերսկսեն սպառողների ջրամատակարարումը»,-նշված է հաղորդագրության մեջ: