Վարչապետի թերթին 3 մլն դրամ տուգանք նշանակած նախկին դատավորի հայցի հետքերով
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունների վերականգնման դիմումը։ Դատավորի լիազորությունները դադարեցվել էր 2019 փետրվարի 14–ին, նույն Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի միջնորդության հիման վրա։
Փաստաբան Դիանա Գրիգորյանը դատարանին հայտնեց, որ Դատական օրենսգրքի 142–րդ հոդվածը 2019 թվականի նոյեմբերին ՍԴ–ն որակել է հակասահմանադրական և ուժը կորցրաժ է ճանաչել և այդ հիմքով պետք է գործը վերանայվի։ Վերջինս նաև հայտնեց, որ վիճարկվող վճիռը կայացնելիս ԲԴԽ–ն պետք է որոշեր, թե այդ հոդվածի կիրառելը դատավորի նկատման իրավաչափ էր, թե ոչ, որը չի արել։ Դիմող կողմը պահանջեց դատավորի իրավունքների վերականգնման հետ մեկտեղ վճարել նրա՝ հարկադիր պարապուրտի մեջ գտնվելու մեկ տարվա աշխատավարձը։
ԲԴԽ անդամները փորձեցին փաստաբանից ճշտել, որ եթե լիազորությունները վերականգնվի, ապա Հայաստանից բացակայող Արայիկ Մելքումյանն արդյոք կվերադառնա և կաշխատի, թե ցանկանում է միայն մեկ տարվա աշխատավարձը ստանա։ Փաստաբան Գրիգորյանի տեղեկություններով՝ լիազորությունների վերականգնման դեպքում Արային Մելքումյանը պատաստ է գալ և աշխատել ։
Դիմումի լսումներից հետո ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտնեց, որ որոշումը կհրապարակվի փետրվարի 27–ին։
Նիստից հետո տված ճեպազրույցում փաստաբան Դիանա Գրիգորյանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ նման որոշում է կայացվել, քանի որ նա օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի պայմաններում տվել էր կատարողական թերթիկ։ Գործը քննելու ժամանակ դատավորը հայտնել էր, որ վարույթում ունեցել էր 3500 գործ և այդ ծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր էր նման վրիպակ։ Խորհուրդը սայկայն դադարեցրել էր նրա լիազորությունները, երբ նույն խորհուրդը մեկ շաբաթ առաջ նույնանման դեպքի համար մեկ այլ դատավորի տվել էր ընդամենը նկատողություն։
«Կարծումենք նման որոշումը պայմանավորված է Մելքումյանի կայացած դատական ակտով։ Մասնավորապես 2009 թվականին վարչապետի ընտանիքին պատկանող թերթի նկատմամբ, եթե չեմ սխալվում, դրել էր 3 մլն դրամի տուգանքի վճարման պարտավորություն։ Մենք կարծում ենք, որ իշխանափոխությունից հետո առաջին գործընթացը, որ տեղի ունեցավ, դա Արայիկ Մելքումյանի լիազորությունների դադարեցումն էր մի արարքի համար, երբ մեկ այլ դատավորի դեպքում նկատողություն էին կիրառել, ընդ որում Արայիկ Մելքումյանի որոշումից 7 օր առաջ»,–պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է փաստաբան Գրիգորյանը։