Անմեղությունից՝ դեպի ատելություն, ատելությունից՝ դեպի գիտակցության վերադարձ
Քրիսչըն Պիչոլինին ատելության հարցերով փորձագետ է։ 1987 թվականին նրան հավաքագրել են Նեո-նացի անվանումը կրող սքինհեդների խմբի մեջ։ Այժմ նա պայքարում է ատելության ու ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունների դեմ։
Թե ինչպես է ներգաղթյալների աշխատասեր ընտանիքի զավակից, բարեհամբույր ու մեղմ խառնվածք ունեցող պատանուց վերածվել նեոֆաշիստի, նա պատմում է տարբեր հանդիպումներում ու տեսահոլովակների միջոցով։ Վերջին հանդիպումներից մեկն էլ ԱՄՆ-ի Կոնգրեսում էր։
14 տարեկան հասակում, երբ գալիս է մարդու համար ինքն իրեն ճանաչելու ժամանակը, նրան է մոտենում մեկը ու աչքերի մեջ նայելով, խոսում կոմունիստների ու հրեաների մասին։ Ու տղան տպավորվում է միայն այն փաստով, որ իրեն նկատել են այլոք, որ իրեն ինչ որ մարդիկ ուզում են դարձնել իրենց խմբի անդամ։ Ու նա այդ խմբի անդամ է մնում 8 տարի։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
1995 թվականին, ձայնասկավառակների խանութ բացելով, նա հիմնականում վաճառել է ռասիստական թեմաներով երգեր ու երաժշտության ձայնագրություններ։ Վաճառել է նաև ռոք, հիփ-հոփ, մեթալ, և այդ ընթացքում հանդիպել սևամորթ ու հրեա մեծաթիվ հաճախորդների, տարբեր ուղղվածության տեր մարդկանց ու ըմբռնել, որ չունի նրանց դեմ թշնամանք։
«Այդ ժամանակ էր, երբ ես հասկացա, որ մեզ պարզապես ատելություն են սերմանում։ Այդ ժամանակ էր, երբ հասկացա, որ ճիշտ ուղի բռնելու պահն է»,- ասում է նա։
Պիչոլինին մի քանի գիրք է գրել այս մասին ու հիմնադրել Ազատ արմատականներ կազմակերպությունը, որը երիտասարդներին օգնում է կատարել ճիշտ ընտրություն, երբ գալիս է ինքնաճանաչման ժամանակը։
Նրա խոսքերով, ներկա սպիտակամորթ ազգայնամոլությունը շատ նման է ալ Քաիդայի կամ Դաեշի վաղ ձևավորման օրերին։ Ըստ նրա, քարոզ տանելու եղանակը ու մարտավարությունը միանման են, միանման են մարդկանց հավաքագրելու ձևերը։
Ու նա շատ է ուզում նորից նմանվել այն 14-ամյա Քրիսչըն Պիչոլինիին, երբ նրան դեռևս չէին շեղել անմեղ ուղուց: