Պետությունը իրավական և քաղաքական գնահատական չի տվել ոստիկանության գործողություններին. իրավապաշտպան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց, որ խմբակցությունը դեռ մեկ տարի առաջ՝ կառավարության կառուցվածքը քննարկելու ժամանակ առաջարկել էր Ոստիկանությունը նախարարություն դարձնել, որը կբարձրացներ խորհրդարանական վերհսկողությունը համակարգի նկատմամբ և ոլորտում քաղաքական պատասխանատվության հարցը կլուծեր։
«Ոստիկանության բարեփոխումների փաթեթը կարող եմ բաժանել երկու խոշոր հատվածների։ Առաջինը ՝ վարչական բարեփոխումներն են, այն, ինչը որ թույլ է տալիս ներքին գործերի նախարարության ստեղծում, տարբեր մարմինների ստեղծում, մի մարմնի շուրջ միավորում և այլն։ Երկրորդ՝ ամենակարևոր կոմպոնենտը կրթական կոմպոնենտն է։ Այսինքն, կրթությունը պետք է առաջնային լինի նաև ոստիկանի համար, որովհետև այս փոփոխությունները պետք է միտված լինեն ոչ թե մի քանի տարվան, այլ առաջիկա տասնամյակում ապահովելու է ոստիկանության նոր ձևը», – հայտարարեց պատգամավորը։
Կարեն Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ նոր որակի ոստիկանական մոտեցումների ձևավորումը կփոխի հասարակություն-ոստիկանություն և հակառակ վերաբերմունքը։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանն իր խոսքի սկզբում կարևորեց հասարակության մասնակցությունը ոստիկանության աշխատանքների վերահսկման գործընթացներին։
«Ռազմավարությամբ նախատեսվում է քրեական ոստիկանության ստեղծում, բայց դրա ենթակայության հարցերը, դրա տեղը քրեական արդարադատության համակարգում դեռ պարզ չէ։ Պետք է դիտարկվի, թե ի՞նչ քրեական արդարադատության տեսլական ունենք և ի՞նչ ենք ակնկալում ոստիկանությունց»,- նշեց իրավապաշտպանը։
Ըստ բանախոսի, վերջին տարիներին ոստիկանության զորքերի մասնակցությունը զանգվածային ակցիաներին խնդրահարույց է եղել և այն դեռևս պետության գնահատականին չի արժանացել։
«Քանի դեռ սրան իրավական և քաղաքական գնահատական չի տրվել՝ խոսել հարգանքի արժանի ոստիկանի մասին ինձ համար խնդրահարույց է»,- եզրափակեց Արաքս Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին