Մանոյան. Փաշինյան-Ալիև հրապարակային բանավեճը բանակցությունների շահերից չէր բխում
Հայ դատին տրվող ֆինանսավորումը պակասել է: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։ Նա նշեց, որ այժմ պակասել է նաև Հայաստանից Հայ դատին տրվող գումարները, նաև խոստումները:
Լրագրողների հարցին, թե ինչո՞վ է դա պայմանավորված, նա պատասխանեց. «Հատուկ բանի հետ չենք կապում: Փաստն այն է՝ որ մարդիկ կային, որ տալիս էին կամ առնվազն խոստանում էին, հիմա չեն տալիս կամ չեն խոստանում»:
Հարցին՝ գուցե դժգո՞հ են ձեր աշխատանքից, Կիրո Մանոյանն ասաց. «Կարող է, չի բացառվում: Կարող է իրենց վիճակն էլ լավ չէ, հարկեր են վճարել, կարող է քաղաքական ճնշում կա, չեն ուզում Դաշնակցության հետ առնչվեն: Մենք չենք ենթարկվում քաղաքական ճնշումների, խոստացողն է ենթարկվում»:
Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին և արդյո՞ք ԱԳՆ, պետության հետ տարաձայնություններ կան այս հարցում, նա նշեց, որ միշտ էլ եղել են տարաձայնություններ, ինչը բնական է:
Կ. Մանոյանի խոսքով, տարակարծություններ կարող են լինել, բայց այնպես չէ, որ իրար հետ չեն խոսում. «Մեզ համար արտաքին քաղաքականությունը նույն սահմանի, ճակատի շարունակությունն է, ինչպես պաշտպանության գործում սակարկություն չկա, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ, անկախ մեր ներքին ունեցած տարակարծություններից»:
Խոսելով Մյունխենում Փաշինյան-Ալիև հրապարակային բանավեճի մասին, նա նշեց, որ այն բանակցություն չէր, ընդամենը սահմանափակ ժամանակով սահմանափակ հնարավորություններով բանավեճ:
«Բանավեճը կողմերից և ոչ մեկի շահերից չէր բխում որպես այդպիսին, ոչ էլ բանակցությունների շահերից էր բխում, այլ կազմակերպիչների շահերից: Կազմակերպիչները հաջողեցին՝ ի վերջո հրապարակային բանավեճի հանեցին կողմերից երկու ղեկավարներին»,- ասաց նա:
Կ. Մանոյանի խոսքով, անընդհատ պետք է հիշեցնել, որ Արցախի ժողովուրդն առնվազն երեք անգամ իր կամքն արտահայտել է՝ մաս չկազմել Ադրբեջանին և ի վերջո միանալ Հայաստանին:
«Այս մասին պետք է Հայաստանն ավելի շեշտադրի»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի համար հիմնական հարցը Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանք տանելն է:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ. Մենք Ադրբեջանի շահերը նկատի առնելու պարտավորության տակ չենք
- Թևան Պողոսյան. Մյունխենում աշխարհին պետք էր ցույց տալ կայացած Արցախը
- Մյունխենում պետք է ցուց տրվեր Ադրբեջանի դեստրուկտիվ պահվածքը, ինչը չարվեց. փորձագետ
- Մյունխենում Փաշինյանն ունեցել է ամենավատ ելույթը
- Ալեքսանդր Մանասյանը գտնում է` Մյունխենում Նիկոլ Փաշինյանի բերած պատմական փաստարկները թույլ էին
- Մյունխենյան բանավեճ․ ինչ մոռացավ ասել Նիկոլ Փաշինյանը
- Թևանյան. Մյունխենում միտինգ չստացվեց, քանզի ձևաչափն էր այլ
- ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկում՝ Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ
- Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը