ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ. Մենք Ադրբեջանի շահերը նկատի առնելու պարտավորության տակ չենք
Երևանում մեկնարկել է և մինչև փետրվարի 28-ը կընթանա ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ Դատի կենտրոնական խորհրդի կազմակերպությամբ։ Այն տեղի կունենա ինչպես Երևանում, այնպես էլ Արցախում։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր ելույթում հայտարարեց, որպեսզի տարիների ընթացքում իրենց ծրագրած պահանջատիրության թղթածրարը կյանք ստանա, օրինական ուսումնասիրություններն իսկապես զարգանան, ՀՅԴ որոշել է ստեղծել հայ իրավական կենտրոն: Նա նշեց, որ այն հիմնված է Վաշինգտոնում, բայց հոգեբարձուների խորհուրդը կազմված կլինի աշխարհի տարբեր երկրներից իրենց կողմակիցներով:
«Նպատակն է առաջ տանել ցեղասպանությունից բխած մեր պահանջատիրության դատը»,- ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ՀՅԴ-ն Արցախի բանակցային գործընթացում այս պահին այն գիծը, որ տանում է ՀՀ կառավարությունը, ԱԳՆ-ն, գո՞հ է, թե՞ տարաձայնություններ ունեն, նա ասաց. «Բնական է, որ մանրամասների մեջ կան տարբեր մոտեցումներ, մեր կեցվածքը բավական արմատական է: Բայց նաև կհասկանանք, որպեսզի բանակցությունները տեղի ունենան, Հայաստանի կառավարությանը կամ որևէ մեկ կառավարության, անհրաժեշտ է այլընտրանքի մասին բանակցել: Չի նշանակում, որ այդ այլընտրանքներն ընդունելի են, բայց կնշանակի, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հսկողության ներքո պետք է այդ բանակցություններն ընթանան»:
Ինչ վերաբերում է Մյունխենում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ քննարկմանը, նա նշեց, որ հնչել են ընդհանրական հասկացողություններ:
«Բնականաբար, այնտեղ հնչեցին մի քանի հասկացողություններ, որոնց հետ մենք ունենք անհամաձայնություններ»,- ընդգծեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Նրա խոսքով, ՀՅԴ կեցվածքն այն է, որ ինչ լուծում էլ լինի, դրա մեջ չպետք է լինի որևէ տեսակի հիմնական զիջումներ:
«Մենք Ադրբեջանի շահերը նկատի առնելու պարտավորության տակ չեն»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը: