Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրման էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման ընթացքը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում փետրվարի 22-ին նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի նախաձեռնությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրման էլեկտրոնային միասնական համակարգի մշակման և ներդրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ։Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության, Կադաստրի կոմիտեի, ՀՀ ոստիկանության, ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի և ոլորտում գործող մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։
Վ․ Տերտերյանը կարևորել է տեղական հարկերի բարեփոխմանն ուղղված գործընթացներում էլեկտրոնային համակարգերի ներդրման անհրաժեշտությունը և նշել , որ մշակվելիք լուծումները պետք է միտված լինեն առաջին հերթին ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացմանը և միաժամանակ բարելավեն բնակիչներին մատուցվող ծառայությունների որակը և հարմարավետությունը;
Հանդիպման ընթացքում ոլորտային մասնագետները ներկայացրել են իրենց առաջարկները՝ ներդրվելիք էլեկտրոնային կառավարման համակարգի գործառնական հնարավորությունների վերաբերյալ։ Ծավալված քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցների կողմից բարձրացվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխադրամիջոցներին և անշարժ գույքին առնչվող գործընթացներում առկա այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ համակարգի ներդրման գործընթացում։
Ամփոփելով հանդիպումը՝ նախարարի տեղակալը հայտնել է, որ շահագրգիռ մարմինների հետ նման քննարկումները լինելու են շարունակական և հանձնարարել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին իրենց գործառույթների շրջանակներում քայլեր ձեռնարկել գործընթացի պատշաճ իրականացումն ապահովելու ուղղությամբ։