ՀԱԿ. Մարտի 1-ի գործերը քննող դատավորները գոնե պետք է հեռացվեն համակարգից
ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքների փաթեթի նախագծերի վերաբերյալ անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ ունեցած ելույթի ժամանակ ներկայացրեց դատավորների ցուցակ, որոնք դուրս են բերվել Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի հրապարակած վճիռներից։
Այդ դատավորները, ըստ Մանուկյանի, մեղք են գործել արդարադատության առաջ, իրականացրել են ապօրինի ակտեր, վարկաբեկել են արդարադատության համակարգը, երկրի բարի համբավը:
«Այս բոլոր գործերը մենք ձեզ ենք հանձնել՝ ակնկալիքով, որ հեղափոխություն է արվել, և հեղափոխությունը քաղաքական ակտ է, իսկ դա գալիս է մաքրելու, պատժելու անցյալի ակնհայտ խախտումները, բացթողումները, էլ չեմ ասում հայ ժողովրդի դեմ կատարված մասսայական հանցագործությունները, որոնք իրականացրին դատավորները»,- հայտարարեց Արամ Մանուկյանը՝ շեշտելով, որ քննարկվող նախագծում կան դրույթներ, որոնք հնարավորություն են տալիս մարտի 1–ի դատավորներին, խուսափել պատասխանատվությունից:
«Մեր մոտեցումներն այս առումով շատ խիստ է, դա ձեր հեղափոխության պարտադիր ատրիբուտներից մեկը պետք է լինի, որ դատավորները, որոնք մեղք են գործել և սեփական երկրի, միջազգային հանրության և օրենքի առաջ պետք է պատասխանատվության ենթարկվեն գոնե այս դեպքում` նրանց համակարգից հեռացնելու հնարավորությունը պետք է որպես շանս օգտագործվի»,- եզրափակեց Արամ Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է քաղաքական որոշմամբ, ինչը սխալ է
- Դատավորների աշխատավարձերը բարձրացնել մինչև եթե ոչ 5 մլն, ապա գոնե 1.5 մլն դրամ. նախարարի առաջարկը