Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է քաղաքական որոշմամբ, ինչը սխալ է
«Իրավաբանների հայկական ասոցիացի» ՀԿ նախագահ Սյուզաննա Սողոմոնյանն անդրադարձավ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծին, որով նախատեսվում է, որ հանձնաժողովի անդամներին ընտրելու համար ԱԺ նախագահը ձևավորելու է մրցութային հանձնաժողով, բացառությամբ հանձնաժողովի առաջին կազմի նշանակած դեպքի։
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների խորհրդարանական լսումների ժամանակ ունեցած ելույթում իրավապաշտպանը նաև նկատեց՝ նախագծով նախատեսված է, որ հանձնաժողովը կազմելու է կառավարության, ԱԺ-ի, Մարդու իրավունքների պաշտպանի, ԲԴԽ-ի և Փաստաբանների պալատի մեկական անդամներից և հայտարարեց, որ դրանով կառավարող քաղաքական իշխանությունը վերադառնում է նախորդ կարագավորմանը՝ որոշակի բացառությամբ, այն է՝ հանրային խորհուրդը փոխարինել է կառավարությամբ, իսկ Սահմանադրական դատարանը ԲԴԽ-ով։
«Ցավալի է, որ այս իրավակարգավորումը չի որդեգրվել հենց կարգավորման առաջին փուլում և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայիս կազմը ձևավորվել է բացառապես քաղաքական պայմանավորվածության պայմաններում, առանց ապահովելու այդ մարմնի ինստիտուցիոնալ անկախությունը։ Այն դեպքում, երբ հանձնաժողովը մասնագիտական կառույց է և նրա նշանակումը պետք է լինի բացառապես մասնագիտական տիրույթում և ոչ թե քաղաքական»,- շեշտեց իրավապաշտպանը և հավելեց, որ հանձնաժողովի առաջին կազմի ձևավորումը քաղաքական պայմանավորվածությունների միջոցով խիստ խոցելի է։
Բանախոսը հայտարարեց, որ ԱԺ-ն չի ստուգել բոլոր անդամների բարեվարքությունը, որը լեգիտիմության ողջամիտ կասկած է առաջացնում։
«Կառավարող քաղաքական իշխանության այն հիմնավորումը, որ առանց մրցույթի հանձնաժողովի անդամների նշանակումը բխում էին հանրային գերակա շահից և ժամանակի սղությունից՝ փաստարկված չէ, քանի որ ԱԺ-ի 7-րդ գումարումից հետո շուրջ մեկ տարի մրցութային խորհուրդը ի վիճակի չի եղել իրականացնել օրենքով իրեն վերապահված իրավասությունները, քանի որ ԱԺ մարմինները ցուցաբերել են անգործություն, չեն նախաձեռնել մրցութային հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը, որի համար ի պաշտոնե պատասխանատու են եղել»,- հայտարարեց Սյուզաննա Սողոմոնյանը և նկատեց, որ հանձնաժողովի անդամի անկախությունը կպարզվի այն ժամանակ, երբ վերջինս վարույթ սկսի իրեն նշանակած քաղաքական մարմնի դեմ։ Իսկ քաղաքական նշանակումների բացասական երևույթներին արդեն հասարակությունն ականատես է եղել՝ հանձնաժողովի առաջին նիստում «Իմ քայլի» ներկայացուցչի հրաժարականով։