Զուգահեռներ տարվեց ԱԺ քննարկումների և Նյուենբերգյան դատավարության միջև
«Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» նախագահ Դավիթ Գյուրջյանն այսօր ԱԺ-ում «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարվող փոփոխությունները գնահատելիս հայտարարեց, որ իշխանությունները, խոսելով դատավորների վեթինգի մասին ներկայացրել են կոսմետիկ փոփոխություններ, որը հետընթաց է նույնիսկ գործող կարգավորումների համեմատ։
«Ներկայացված վեթինգի գործիքակազմը բավարար չէ շահերի բախման և հակաօրինականության գործիքակազմի բացահայտման համար։ Դատավորների կարգապահական տույժերի հիմքերն ավելի են անորոշացվել»,- նկատեց իրավապաշտպանը և հավելեց, որ դատավորի գործունեության գնահատման առաջարկվող համակարգը սահմանափակում է նրանց անկախությունը։
Ըստ իրավապաշտպանի, ամենավատը սակայն դա չէ, այլ այն, թե ով է իրականացնելու ներկայացվող բարեփոխումները։
«Ո՞վ է իրականացնելու դատական համակարգի այս բարեփոխումները։ ԲԴԽ-ն՝ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությա՞մբ: Կարծում ենք՝ այստեղ նույնիսկ խոսքերն ավելորդ են: ԲԴԽ-ն այն մարմինը չէ, որ ստուգի դատավորների բարեվարքությունը. մեկը լինի՝ նրանց բարեվարքությունը ստուգի»,- հայտարարեց Դավիթ Գյուրջյանը, և հավելեց. «Մարտի 1-ի և հանրային գերակա շահի գործերով տիպային վճիռներ կայացրած դատավորներն այսօր շարունակում են պաշտոնավարել: Արթուր Մկրտչյանը դառնում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր, երբ ամբողջ մասնագիտական համայնքին հայտնի է, թե ինչ տխրահռչակ համբավ է վայելում»:
Դավիթ Գյուրջյանի ելույթը մի քանի անգամ ընդհատած ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը իրեն ընձեռեց արտահերթ ելույթի իրավունք։
Գլխավոր ամբիոնից դիմելով Գյուրջյանին՝ Վարդանյանը հայտարարեց. «Երևի ձեր իրավաբանության դասախոսը լավը չի եղել և Նյուենբերգյան դատավարության մասին ձեզ լավ չի պատմել, բայց նույնիսկ Նյուենբերգյան դատավարության ժամանակ դատապարտվող անձինք ունեին դատական պաշտպանության իրավունք, և վերջիններիս արժանապատվությունը չէր ոտնահարվում»։
Ըստ Վարդանյանի, ամենավտանգավոր և անթուլատրելի երևույթը այն է, որ մեկ միասնական շաբլոնի մեջ է մտցվում բոլոր դատավորներին. «Կան դատական համակարգում անպատասխանատու անձինք, բայց իրավական պետությունը երաշխիքների ամբողջություն է, որը թույլ է տալիս պաշտպանվել նույնիսկ ամենամեծ հանձցագործներին»։
Վլադիմիր Վարդանյանից հետո ամբիոնին մոտեցած Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ համակարգը պետք է զտել.«Ինչքան էլ սահմանափակեն խոսքիս ազատությունը պետք է ասեմ, որ դատավորների մեծամասնությունը, կոռումպացված բազմաթիվ հանցագործություններ գործած, իրենց խղճի դեմ գնացած, ուրիշների տառապանքների հաշվին հարստացած մարդիկ են։ Քաղաքական պատվերներ կատարած մարդիկ»։
Զուրաբյանը համոզմունք հայտնեց, որ նախկին իշխանությունները տեռորիստական կազմակերպությունների նման հեռանալով՝ իրենց հետևից ականների տեսքով թողել են դատավորներին։
«Իսկ ներկայիս իշխանությունները փակում են պատասխանատվության դուռը։ Առաջարկվող օրինագծի 144 հոդվածով ասված է, որ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութության խախտման հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո անցել է 8 տարի։ Սա նշանակում է, որ կարգապահական պատասխանատվություն կարող են իրականացնել 2012-ից հետո որոշումներ կայացրածները»,- նշեց Զուրաբյանը՝ եզրակացնելով, որ դրանով միտումնավոր պատասխանատվություն կրելուց զերծ են պահում մարտի 1-ի դատավորներին։
Լևոն Զուրաբյանը հիշեցրեց ապօրինի գույքի առգրավման վաղեմության հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքը։
«Ասաց՝ գրված է 98 թվից, ես ինձ հարմար չեմ գտնում, եկեք սկսենք 91 թվականից։ Հիմա ինչու է սելեկտիվ վաղեմության ժամկետներ մտցվում»,- հիշատակելով հոդվածի այն դրույթը, որ նոր օրենքով դատավորների հայտարարագրումը նախատեսված է սկսել նախորդող վեց տարիներից՝ Զուրաբյանը կոչ արեց հայտարարագրման պարտավորությունը կիրառել բոլոր դատավորների վրա՝ սկսած իրենց պաշտոնավարման սկզբից։
Զուրաբյանը շարունակեց խոսքը. «Եթե ուզում եք հանրաքվեում ժողովրդի վստահությունը ստանաք, ապա...»։ Զուրաբյանի խոսքը կիսատ թողեց Վլադիմիր Վարդանյանը՝ անջատելով նրա խոսափողը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԿ. Մարտի 1-ի գործերը քննող դատավորները գոնե պետք է հեռացվեն համակարգից
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է քաղաքական որոշմամբ, ինչը սխալ է
- Դատավորների աշխատավարձերը բարձրացնել մինչև եթե ոչ 5 մլն, ապա գոնե 1.5 մլն դրամ. նախարարի առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին