Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով
ՀՀ ԿԳՄՍՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
«2020 թվականի փետրվարի 27-ին հայ հանրությունն անդառնալի կորուստ ունեցավ:
Կյանքի 59-րդ տարում անժամանակ մահացավ անվանի հուշարձանագետ, հայ
մշակույթի նվիրյալ Սամվել Գևորգի Կարապետյանը:
Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թվականի հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ
գավառի Բերդաղ գյուղից է։ 1978 թվականին ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի
անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ
տարածքով` բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած
լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձաններն ամբողջ
պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտել և
ցուցակագրել է պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր
նմուշներ։
Սամվել Կարապետյանի բացառիկ ջանքերի շնորհիվ՝ հավաքագրվել, վկայագրվել են
հազարավոր հուշարձաններ Արևմտյան Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում,
Հնդկաստանում և հայկական այլ գաղթօջախներում: Նա ոչ միայն քննադատել է
Թուրքիայի, Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական հուշարձանների
նպատակաուղղված ոչնչացման քաղաքականությունը, այլև այդ
հանցագործությունների փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008
թ.` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։
Սամվել Կարապետյանը երկար տարիներ ղեկավարում էր Հայկական
ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակը:
Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ, այդ թվում՝ ՀՃՈՒ
գիտական ուսումնասիրություններ, Հայաստանի պատմության հատորյակներ, առանձին
գրքեր և պարբերականներ։ Ստեղծել է հայկական մշակույթի մասունքների
վերաբերյալ հսկայական գիտական ժառանգություն:
Սամվել Կարապետյանը մի մտավորական էր, ով վայելում էր համաժողովրդական,
համազգային սեր, հարգանք։ Նրա վերաբերմունքը հայրենիքի,
հայրենաճանաչության, մայրենի լեզվի նկատմամբ ամենօրյա օրինակ է բոլորիս
համար:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության
կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի
29-ին՝ ժամը 17:00-20:00-ն, «Էրեբունի» սգո սրահում (Խաղաղ Դոնի 2/14):
Վերջին հրաժեշտը` մարտի 1-ին՝ ժամը 12:00-14:00-ն, նույն վայրից:
Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ)»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Վայելեք ձեր կոչումներն ու պարգևները, պատմությունն իր անաչառ գնահատականը կտա.Վահե Լոռենց
- Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ
- Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում