Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական համակարգը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա սերտ կապերը` գոհունակությամբ փաստելով, որ պետական տարբեր մակարդակներում ձևավորվել է արդյունավետ փոխգործակցություն և բարեկամական ջերմ հարաբերություններ:
Անդրադառնալով հայ և վրաց հավատակից ժողովուրդների պատմական անցյալին՝ Նորին Սրբությունը ընդգծել է, որ երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքը, ինչի շնորհիվ էլ կարողացել են տարածաշրջանում համատեղ հաղթահարել բազում փորձություններ:
Իր հերթին Իրակլի Ղարիբաշվիլին, խոսելով պատմական խորը արմատներ ունեցող հայ-վրացական հարաբերությունների մասին, հաստատել է, որ դրանք պետք է փայփայել և ամուր պահպանել։ Նախարարն ընդգծել է նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը շաղախող քրիստոնեական արժեհամակարգի կարևորության մասին:
Անդրադառնալով աշխարհում տիրող պատերազմական իրավիճակներին և հակամարտություններին՝ վերջինս նշել է, որ դրանք մարդկային կյանքում սիրո և հավատքի պակասի հետևանքն են:
Հայոց Հայրապետը և Վրաստանի պաշտպանության նախարարը կարևությամբ շեշտել են, որ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է խարսխված մնան միայն եղբայրական սիրո և գործակցության վրա:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Եկեղեցի-բանակ համագործակցության արդյունավորությանը և բանակում եկեղեցականների կողմից իրականացվող հոգևոր ծառայության փորձառությանը:
Այս իմաստով Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատել է Մայր Աթոռի և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև օգտաշատ համագործակցության փաստը՝ կարևոր համարելով, որ երկրի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովող զինվորների կողքին մշտապես աղոթք հնչի և նրանք ամուր լինեն նաև իրենց հոգևոր կյանքի և ազգային ոգու արթնությամբ:
Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը և բարեմաղթանքները հղել է վրաց ժողովրդին ու իշխանություններին և իր եղբայրական ողջույններն է փոխանցել Համայն Վրաստանի Իլիա Երկրորդ Կաթողիկոս-Պատրիարքին: