Բաթոյանի նախկին խորհրդական. Ավելին անելու հնարավորություն չտրվեց
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլյա Ազատյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Պատճառները ներկայացրել է ֆեյսբուքյան գրառմամբ.
«Սիրելի ընկերներ և հարգելի գործընկերներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնում այսօր իմ վերջին աշխատանքային օրն է: Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն:
Որպես խորհրդական իմ աշխատանքային տարածքը և ազդեցությունը շատ սահմանափակ էր, իսկ ավելին անելու հնարավորություն չտրվեց: Որոշումը կայացրել եմ անցյալ տարվա նոյեմբերին, սակայն մի քանի ամիս պահանջվեց կիսատ աշխատանքներս ավարտելու համար:
Շնորհակալություն եմ հայտնում նախարար Զարուհի Բաթոյանին և նախարարության գործընկերներին վստահության և արդյունավետ համագործակցության համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական պաշտպանության ոլորտում խորքային բարեփոխումների ընթացքում է և ամենայն հաջողություն եմ մաղթում նախարարությանը դրանք իրագործելու ընթացքում: Հաջողություն եմ մաղթում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իր թիմի հեղափոխական հատվածին:
Ինքս պատրաստվում եմ առաջիկա առնվազն մեկ կամ մեկ ու կես տարին ամբողջությամբ տեղափոխվել գիտական միջավայր և ի վերջո ժամանակ հատկացնել ատենախոսությանս վրա հիմնովին աշխատելու համար: Հեռու չեմ գնում՝ մտածում և գրում եմ Հայաստանի (քաղաքական) արդիականացման մասին: Հայաստանի արդիականացման մասին խոսակցությունների և ըստ այդմ օրակարգ ձևակերպելու կարիք շատ կա, կան նաև մարդիկ, որոնք խոսում և կարող են առավել շատ խոսել դրա շուրջ»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ