«Ժառանգություն». Աշխատավարձի բարձրացումը եղել է ծայրահեղ անհամաչափ և աչառու
«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 2018 թվականի մայիսից մինչ օրս Հայաստանում ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը բարձրացել է:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Հպարտանալու ցուցանիշ: Սակայն այս բարձրացման պարզագույն վերլուծությունը բնավ հպարտանալու տեղիք չի տալիս:
«Ժառանգություն» կուսակցությունը փաստում է, որ աշխատավարձի բարձրացումը եղել է ծայրահեղ անհամաչափ և աչառու: Հանրությունը պարբերաբար տեղեկանում է կառավարության բարձրաստիճան անդամների աշխատավարձերի բարձրացումների, անհասկանալի պարգևավճարների տարափի մասին և այս համապատկերում՝ շարքային մանկավարժների ու բժիշկների, գիտնականների ու թոշակառուների, նպաստառուների վարձատրության համեստ հավելումներն են: Ունենք իրավիճակ՝ եվրոպական զարգացած երկրներում նվազագույն և առավելագույն աշխատավարձերի միջև տարբերությունը յոթնապատիկն է, իսկ զարգացող Հայաստանում այն քսանապատիկից բարձր է: Այսինքն՝ ոտնահարվում է սահմանադրական հիմնարար դրույթը, թե Հայաստանը սոցիալական պետություն է, որտեղ քաղաքացիներն ունեն արժանապատիվ ապրելու իրավունք, իսկ պետությունը հանրային բարիքի արդարացի վերաբաշխման պարտականություն ունի:
Այսպես, պաշտոնական տվյալներով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը անցած 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 դրամ կամ մոտ 31 000 ԱՄՆ դոլար աշխատավարձ և պարգևավճար: Անկասկած է, որ մյուս նախարարների վաստակը համարժեք է եղել: Հարկատուների ջանքերով ստեղծվող համախառն արդյունքը, բյուջետային գումարները բաշխվում են անըմբռնելի տրամաբանությամբ և արդարացումներով, թե այսպես պայքարում ենք կոռուպցիայի դեմ, բարձր աշխատավարձեր՝ որպես կաշառք չվերցնելու և լավ աշխատելու երաշխիք: Ընտրված այս ճանապարհը սխալ է և անընդունելի:
«Ժառանգությունը» համոզված է, որ անհամակարգ բարեփոխումներով, սոսկ բարի ցանկություններով, համընդհանուր կեղծված սահմանադրությունը որպես հիմք ընդունելով, և հանրաքվեով այդ կեղծիքի հատվածական փոփոխության փորձով չենք հասնելու ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանի կայացմանը: Եթե Հայաստանը մեր օջախն է, ժողովուրդն էլ՝ մեր ընտանիքը, ապա առաջ գնանք ազատ, արդար, իրավական և համակարգային բարեփոխումների կայացման ճանապարհով, հանրային ու քաղաքական փոխըմբռնման, արդյունավետ կառավարման նշանաբանով»։
Հարակից հրապարակումներ`
- «Թույլ տվեք չմեկնաբանեմ»
- Ռուստամ Բադասյանն ավելի քիչ աշխատավարձ է ստանում, քան մյուս նախարարները
- Analitik. Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է մոտ 16 000 ԱՄՆ դոլար միայն պարգևավճար
- Antifake. ԱԺ-ում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար
- 276.000 դոլար պարգևավճար «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ Փաշինյանի օրոք
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ