Ավշարի համայնքապետը դատական հայց կներկայացնի Արարատի մարզպետի դեմ
«Գարիկ Սարգսյանի կողմից փորձ է արվել սուտ տեղեկությամբ և զրպարտությամբ առարկայազուրկ դիրքորոշում հայտնել Ավշարի համայնքապետի հասցեին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սամվել Սիմոնյանը, ով ներկայացնում է Արարատի Ավշար համայնքի ղեկավարի իրավաշահերը։
Նա պնդում է, որ խախտվել է համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի անմեղության կանխավարկածը։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարել էր, թե Ավշարի համայնքապետը վաճառքի է հանել համայնքի հին դպրոցի շենքը. «Ունենք համայնքի ղեկավար, որի նկատմամբ քրեական գործ կար հարցուցված, այս պահին արդեն դատական գործընթաց է սկսվելու՝ պետական գույքը համայնքային դարձնելու, ապա անօրինական սեփականցնելու հետ կապված։ Քրգործի շրջանակում համայնքի ղեկավարն ընդունել է մեղքը: Այժմ Ավշարի ղեկավարը փոխհատուցում է պետությանը պատճառված վնասը»։
Ըստ փաստաբանի, Գարիկ Սարգսյանը խոսել է քրեական գործից և միանգամից անցում կատարել դրա հետևանքներին։ Նրա խոսքով, Ավշարի գյուղապետի դեմ հարուցված քրեական գործը կարճված է։
«Խոսել քրեական գործի հետևանքների մասին՝ իմանալով, որ այն կարճված է, առնվազն ընդունելի չէ մեզ համար, և պրակտիկորեն այն անհնար է իրացնել։ Այսինքն, քրեական գործը, որի մասին խոսում է Գարիկ Սարգսյանը, իրականում կարճվել է, սակայն ինքը չի ասում դրա մասին։ Բայց կարճված գործը չի կարող ներկայացվել դատաքննության և օրինական դատավճիռ ունենալ»,- ասաց փաստաբանը։
Ըստ Սիմոնյանի, քրեական գործով վարույթը կարճվել է, և ուղղակիորեն արձանագրվել է՝ մեղքի ընդունում չի եղել համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի կողմից. «Դատավարական առումով մենք պատրաստվում են զրպարտության հիմքով հայց ներկայացնել դատարան՝ ընդդեմ Գարիկ Սարգսյանի։ Որովհետև իր կողմից հնչել են գնահատականներ, մտքեր, որոնք իրակաության հետ որևէ աղերս չունեն»։
Անդրադառնալով Գարիկ Սարսգսյանի հայտարարության այն հատվածին, թե Ավշարի գյուղապետը աղջկա անունով սեփականաշնորհել է դպրոցի տարածքը, որպեսզի հետո իր վարորդին վաճառի՝ Սամվել Սիմոնյանը նշեց.
«Սա հիշեցնում է հատնի պատմությունը՝ Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը՝ Հակոբին, Հակոբն էլ՝ Հուդային և նրա եղբայրներին։ Ու ոչ մի ժամանակագրություն չկա։ Հանրությունը կարող է հասկանալ՝ հին դպրոցի շենքը 1 օրում անցավ համայնքին, հաջորդ օրը համայնքը աճուրդով օտարեց մեկ այլ անձնավորության, իսկ դրանից մի քանի օր հետո գնեց Հասմիկ Գրիգորյանը (համայնքապետի դուստրն է, խմբ.)։ Սա մանիպուլյատիվ հնարք է, որովհետևր հստակ ժամանակագրություն կա։ Իրականում գույքը որպես սեփականություն համայնքին անցել է 2002 թվականին։ Այիսնքն, գույքը, որնմ ըստ համայնքում եղած տվյալների, տիրազուրկ էր, պետք է անցներ համայնքին՝ 1997 թվականի կառավարության թիվ 51 որոշմամբ։ Էստեղ շատ կարևոր հանգամանք կա, դրա վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել կառավարման մարմինը՝ շեշտելով, որ գույքը համայնքում ներգրավված չէ որպես պետության միջոց։ Ուստի պետք է այն սեփականացվեր համայնքի կողմից։ Եվ 2007 թվականին, ավագանու որոշմամբ աճուրդ է անցկացվել, և դպրոցի շենքը գնել է Ավշարի բնակիչներից մեկը, ապա 2014 թվականին այն օտարվել է երրորդ անձին՝ Հասմիկ Գրիգորյանին։ Իսկ Գարիկ Սարգսյանը սա ներկայացնում է որպես 1 օրում եղած գործընթաց, և ասում՝ դե աղջկա անունով է, իրենն է»։