Փաշինյան. ժամանակն է, որ նոր խնդիրներ ձևակերպենք և ուղենշենք անելիքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչությունից հայտնում են՝ վարչապետը շնորհավորել է բոլոր դիվանագետներին մասնագիտական օրվա կապակցությամբ և նշել, որ այս օրն արձանագրված է՝ ի նշանավորումն Միացյալ ազգերի կազմակերպությունում Հայաստանի դրոշի բարձրացման արարողությամբ:
«Իմ լրագրողական և քաղաքական գործունեության ընթացքում բազմաթիվ պատմությունների եմ առնչվել, լսել, թե ինչպես է զրոյից, ըստ էության ոչնչից, ստեղծվել Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, երբ բազմաթիվ մարդիկ, 180 աստիճան շրջադարձ կատարելով իրենց մասնագիտական գործունեության մեջ, իրենց կյանքի հետագա ծրագրերում, նվիրվել են Հայաստանի դիվանագիտական կորպուսի հիմնադրմանը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ այս գործում ընդգծելով բազմաթիվ սփյուռքահայ հայրենակիցների ներդրումը։
Վարչապետի խոսքով՝ ժամանակն է, որ մենք մեր առաջ նոր խնդիրներ ձևակերպենք և ուղենշենք մեր հետագա անելիքները:
«Ընդհանուր առմամբ, մենք շատ բարդ, սակայն կենսական խնդիր ենք դրել մեր առաջ, և այդ խնդիրը հետևյալն է՝ մեր երկրի ինքնագնահատականը և ուրիշների գնահատականը մեր երկրի նկատմամբ փոխելը: Եվ սա է այն ռազմավարական խնդիրը, որ մենք պիտի լուծենք: Եթե ավելի պարզ ձևակերպելու լինեմ, մենք հիմա խնդիր ենք դրել՝ մեր երկրի դասը փոխելու, մեր երկիրը 1, 2, 3 և եթե հնարավոր է, ավելի բարձր դասի երկրների շարքում դնելու և այդ նպատակին ծառայելու»,-նշել է նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերությունների մեջ պետք է լինի հուսալի գործընկեր, և Հայաստանի Հանրապետության նկատմամբ հուսալի գործընկերության ձգտումը պետք է ամեն տարվա, ամեն ամսվա հետ ավելի բարձրանա, ավելանա այդ պահանջարկը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, դիվանագետի օրվա կապակցությամբ Հանրապետության վարչապետի միջնորդությամբ և նախագահի հրամանագրերով շնորհվել են դիվանագիտական աստիճաններ: Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանին, Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդական Յուրի Բաբախանյանին, ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանին, Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանին: Երկարամյա արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար «Երախտագիտության» մեդալով պարգևատրվել է ԱԳՆ Ֆինանսաբյուջետային վարչության պետ Արմենուհի Գալստյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին