Կորոնավիրուսը կարող է առաջացնել թոքաբորբ վարակվածների շատ փոքր տոկոսի մոտ. մասնագետ
«Կորոնավիրուսի պատճառով աշխարհում առաջացած վախն ու խուճապը հիմնականում անհիմն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ԱԱԻ գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը։
Նրա խոսքով, կորոնավիրուսը կարող է առաջացնել թոքաբորբ վարակվածների շատ փոքր տոկոսի մոտ։
«Վարակվածների 80 տոկոսը ընդհանրապես բժշկի չի դիմում։ Չնայած Չինաստանն է հիվանդության կենտրոնը, այնտեղ համաճարակ չառաջացավ, այլ ուղղակի հիվանդության բռնկում էր։ Այն շատ լոկալ էր և 1.5 մլրդ բնակչության համար դա փոքր բռնկում էր, կարելի է ասել։ Եվ առաջացած աղմուկն այդքան էլ հասկանալի չէ։ Համենայն դեպս, վիրուսով վարակվածների 20 տոկոսն էլ, որ հիվանդանում է թոքաբորբով, այդքան էլ ծանր չի տանում։ Հիվանդությունը ծանր տանում է վարակվածների շատ փոքր տոկոսը, իսկ մահացությունը 2.7-3 տոկոս է։
Այս տոկոսը փոքրացնել հնարավոր չէ, բայց կարելի է փոքրացնել վարակվածների բացարձակ թիվը։ Այսինքն՝ հակահամաճարակային մեթոդներով և ճիշտ քաղաքականությամբ՝ առողջապահական համակարգը կարող է վարակվածների թիվն այնքան քչացնել, որ մահվան դեպքեր չլինեն»,- հայտնեց Պետրոսյանը։
Ըստ բանախոսի, Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատման 1 դեպք, և հիվանդն իրեն լավ է զգում։ Այսինքն՝ նա չի մտնի վերոնշյալ 3 տոկոսի մեջ.
«Առնվազն 100 մարդ պետք է վարակված լինի, որ նրանց մեջ հավանական լինի 3 մահվան դեպք։ Եթե մենք կարողանանք այնպես անել, որ քիչ վարակվածներ լինեն, բնական է՝ մահեր էլ չենք ունենա, և կհամարենք, որ մեր համար բռնկումը բավականին թեթև եղավ։ Այժմ խուճապի որևէ նախադրյալ չկա, մենք չպետք է արհեստականորեն վախենանք։ Հատկապես, երբ տեսնում ենք՝ մեր կառավարությունը շատ ուշադիր է հարցի նկատմամբ»։
Հարցին՝ ինչ պետք է անել, որ հիվանդացության թիվը նվազի, Դավիթ Պետրոսյանը պատասխանեց՝ պետք է վարակվածին մեկուսացնել. «Օրինակ մեզ մոտ 1 դեպք է գրանցվել, և եթե այդ քաղաքացուն չմեկուսացնեին, նա դուրս գար փողոց, մտներ խանութներ, փռշտար, ապա էլի կունենայինք վարակվողներ»։
Դիտարկմանը, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացին 2 օր ազատ է եղել, բանախոսը արձագանքեց՝ նախարարությունում մեկ առ մեկ գիտեն՝ ում է հանդիպել այդ քաղաքացին, ում հետ է շփվել։
«Ինքը 150 հոգու հետ չի շփվել, 3-4 հոգի են եղել, իսկ օրինակ օդանավակայանի անցակետում ունեցած շփումը սերտ չէ, և պետք չէ շատ վախենալ։ Համենայն դեպս պետք է հասկանալ, որ պետությունը չի կարող այնպես անել, որ ոչ ոք ոչ ոքի չտեսնի, բարևելուց չհամբուրի և այլն։ Բայց, երբ գոյություն ունի հիվանդությունը կանխարգելելու ճիշտ քաղաքականություն, մենք պակասեցնում ենք վարակի փոխանցումը մեկից մյուսին, և չենք ունենում շատ դեպքեր»,- նշեց Պետրոսյանը։
Այնուամենայնիվ, ըստ բանախոսի, 100 տոկոսով հսկողություն իրականացնել հնարավոր չէ, և հիմա, չես կարող հաստատ ասել՝ ինչ-որ մեկը անհայտ վայրից տրանզիտով չի գա Հայաստան։
Հոգեբան Արմինե Փաշայանն էլ նշեց, որ մարդկանց շրջանում եղած տագնապը շատ ավելի վտանգավոր է օրգանիզմի համար, քան վիրուսը։ Նրա խոսքով, տագնապն ու քրոնիկ սթրեսը շատ են իջեցնում մարդու օրգանիզմի դիմադրողականությունը։
«Քրոնիկ տագնապը խոցելի է դարձնում մեր օրգանիզմը ցանկացած հիվանդության հանդեպ։ Կան զանազան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս՝ գրիպով հիվանդի սենյակ եթե մտնում են 5 հոգի, որոնցից մեկի մոտ կա քրոնիկ տագնապ, ապա այդ մեկն ավելի հակված է վարակվելու։ Տագնապի պատճառով կյանքի որակն էլ է ընկնում»,- ասաց Փաշայանը։
Հոգեբանը չժխտեց՝ առաջացած տագնապը մասամբ արդարացված է, քանի որ վիրուսը նոր էր, մարդկությանն ու բժշկությանը անծանոթ.
«Երբ խոզագրիպը կամ թռչնագրիպը առաջացան, էլի մարդկանց մոտ տագնապ կար։ Իսկ այս տարի մարդիկ շատ ավելի հանգիստ են դրան վերաբերում։ Տագնապի որոշ մակարդակը նորմալ է։ Իսկ ինչ վերաբերում է տագնապի ավելի լուրջ դրսևորումներին, ապա այդ մարդկանց վիճակը կապ չունի վիրուսի հետ, քանի որ նրանք ցանկացած պարագայում արձագանքում են նույն կերպ, և այստեղ պետք է պատճառը փնտրել իրենց կյանքում»։
Ըստ Փաշայանի, ավելի մեծ է տագնապի հավանականությունը ինֆորմացիայի բացակայության դեպքում։ Իսկ այսօր ինֆորմացիան շատ է, և հաճախ վախեցնող վերնագրերով նյութեր են հրապարակվում, ինչը ևս տագնապ է առաջացնում։ Այդ պարագայում էլ, Փաշայանի խոսքով, պետք է ունենալ ինֆորմացիայի վստահելի աղբյուր, որից ամեն օր որոշակի ինֆորմացիա կարելի է ստանալ։
Հարակից հրապարակումներ`
- Դիմակներ գուցե լինեն, բայց բարձր գնով, իսկ ախտահանիչներ տեղական արտադրողներն էլ են արտադրում. ՏՄՊՊՀ
- Իրանից Երևան հասած բեռնատարի վարորդը ջերմաչափվում էր
- Դիմակներ, դպրոց, փողոց, ախտահանիչներ, վիրուսներ, կորոնավիրուս՝ ինչ անել
- Բժշկական դիմակներ չկան ու չեն լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին