«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունը քաղաքական քայլ է
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը մտահոգություն հայտնեց, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխությամբ Հանրային հեռուստաընկերությանը վճարովի գովազդ հեռարձակելու հնարավորություն տալը մրցակցային անհավասար պայմաններ կստեղծի մասնավոր հեռուստաընկերությունների հանդեպ:
Նկատելով, որ «Գովազդի մասին» օրենքով սահմանված է, որ սոցիալական գովազդի պատվերները ներկայացնում են միայն պետական գերատեսչությունները և տեղական ինքնակառավարման մարմինները՝ պատգամավորը հայտարարեց.
«Ստացվում է, որ սոցիալական գովազդ տեղադրելու համար պետական բյուջեի միջոցներով պետք է վճարվի պետական հեռուստաընկերությանը: Վերջինս պետական ֆինանսավորում ունի և հավելյալ եկամուտներ ունենալու հնարավորությունը նրան առավել դիրքերում է դնում մասնավոր հեռուստաընկերությունների հանդեպ: Եթե այնուամենայնիվ այս նախագիծն ընդունվի՝ կարծում եմ կարիք կա պատշաճ վերահսկողություն սահմանել՝ ազատ մրցակցության և դրա խաթարման դեմ փորձերը կանխելու նպատակով»:
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ ժամը 18:00-ից մինչև 12:00-ն Հանրային հեռուստատեսությունը կարող է մեկ եթերային ժամվա ընթացքում հեռարձակել 5 րոպե տևողությամբ վճարովի սոցիալական գովազդ, իսկ 12:00-ից մինչև 18:00-ն այն կարվի անհատույց:
Նախագծի հեղինակներն ակնկալում են, որ ընկերությունը գովազդից կստանա 1 մլրդ 200 մլն դրամ հավելյալ եկամուտ, որը կուղղի հաղորդումների որակի բարձրացմանը:
Պատգամավոր Մխիթար Հայրապետյանն էլ նկատեց, որ օրենքով բավականին սահմանափակված են Հանրային հեռուստաընկերության հնարավորությունները և մրցակցության խախտման վտանգ չկա:
Իսկ օրենքի նախագիծը քաղաքական է. «Կատարում ենք մեր տված խոստումը՝ անխնա և անհանդուրժող պայքար մոնոպոլիաների դեմ»: