Հայկական կողմի նախաձեռնությամբ Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
Մարտի 25-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցն Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Մնացականյանը շնորհավորել է իր իրանցի գործընկերոջը Նոուռուզի առթիվ՝ փոխանցելով հայ ժողովրդի համերաշխությունը և զորակցությունը բարեկամ Իրանի ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում:
Ներկայացնելով նոր տիպի կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը` նախարար Մնացականյանը կարևորել է համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը, հատկապես հարևան պետությունների միջև գործողությունների համակարգումը: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի և Իրանի տարբեր գերատեսչությունների միջև առկա սերտ փոխգործակցությունը և համավարակի դեմ պայքարում փորձի շարունակական փոխանակումը:
Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կարևորել է հակամարտությունների գոտիներում հրադադարների պահպանման և պատժամիջոցների ռեժիմների վերանայման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերը՝ ընդգծելով, որ համավարակի դեմ պայքարը պետք է դառնա հնարավորություն ժողովուրդների հաշտեցման և գլոբալ համերաշխության համար:
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի դինամիկայի պահպանման, առկա պայմաններում առևտրաշրջանառության խթանման, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովմամբ պայմանավորված հարցերի հասցեագրման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- 25.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 265 հաստատված դեպք կա
- Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1053 դեպք
- Իրանում գործարկված էլեկտրոնային համակարգը կորոշի քաղաքացիների մոտ կորոնավիրուսի ախտանշանների առկայությունը
- Իրանում կորոնավիրուսից մահացել է ազդեցիկ հոգևորական
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ