ՍԱՏՄ ղեկավար. Կորոնավիրուսը սննդի միջոցով չի փոխանցվում
«Կորոնավիրուսը սննդամթերքի միջոցով չի անցնում, հնարավոր չի անցնել»,- ի պատասխան հնչած բազմաթիվ հարցերի այսօրվա ասուլիսում նման պնդում արեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
Նա ընդգծեց՝ կորոնավիրուսը պատկանում է այն վիրուսների թվին, որը շատ արագ վերանում է ջերմային մշակման ժամանակ։
«Վիրուսները որևէ ձևով ջերմությանը չեն դիմանում, այս պարագայում խոսել, որ մսի կամ այլ սննդամթերքի միջոցով կարելի է վարակվել, հիմնավորված չէ»,- ասաց նա։
Ավետիսյանը վստահեցրեց, որ այս օրերին սահմանային վերահսկողության գործում փոխվել է միայն տեսչական մարմնի տեսուչների արտաքին տեսքը։
«Մենք միշտ իրականացնում ենք վերահսկողություն օրենքի շրջանակում, այսօր մեր տեսուչներն աշխատում են դիմակներով, ակնոցներով իրենց անձնական անվտանգության համար։ Իսկ վարորդների վերահսկողությունը մեր ֆունկցիան չէ»,- ասաց նա։
Նա նշեց, որ սպանդանոցներում ևս ախտահանման աշխատանքներ են իրականացվում, ամենօրյա ռեժիմով տնտեսվարողներից ստանում են ֆոտո- և տեսա- հաշվետվություն։
«Պարետի ցուցումով պահանջները խախտողների համար պատժամիջոցներ են սահմանված, շուտով կիմանաք»,- ասաց նա։