Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը մեկ ժամով կանջատվի
«Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում այսօր՝ մարտի 28-ին, ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ: Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները:
Այս համաշխարհային հանրային իրազեկման արշավի նպատակն է հասարակությանը, գործարար աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն կարևոր բնապահպանական խնդիրների բարձրաձայնման։ Միջոցառման այս տարվա գլխավոր թեման է կենսաբազմազանության պահպանությունը և մարդկանց հետևանքով կենսաբազմազանությանը պատճառված վնասների կանխումը։
«Մոլորակի ժամը» բնապահպանական արշավն առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն բնակիչ անջատել էր լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում։