Այսօր դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը
Այսօր հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար: Այս առիթով դուրս կբերվի նաև Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը։
Արարողությունը կհեռարձակվի ժամը 18։00֊ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 1֊ին ալիքով և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ։
Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է, որ Աջը բացառիկ մի սրբություն է, քանի որ այդ մասունքարանի մեջ ամփոփված է Հայոց Եկեղեցու պաշտոնական առաջին Հայրապետ Սբ Գրիգոր Ա. Լուսավորչի Աջը (ոսկրացած աջ ձեռքը), որը տակավին Ե. դարից միշտ պահվել է Հայոց կաթողիկոսարանում. «Լուսավորչի Աջը նաև խորհրդանիշն է Ամենայն Հայոց Հայրապետի հոգևոր իշխանության՝ որպես արժանահաջորդը Լուսավորչի և գահակալը Հայոց Եկեղեցու առաքելական Աթոռի՝ հիմնադրված Սբ Թադեոս և Սբ Բարդուղիմեոս առաքյալների կողմից Ա. դարի երկրորդ կեսին:
Սբ Գրիգոր Լուսավորիչը հանապազ բարեխոս է վասն Հայոց, Հայաստանյայց Եկեղեցվո և Հայոց Պետության:
Սբ Գրիգոր Լուսավորիչը միակ հայազգի սուրբն է, ով տոնելի է քրիստոնեական բոլոր՝ Կաթոլիկ և Ուղղափառ Եկեղեցիներում:
Այսօր, սիրելիներ, վերստին արժանի կլինենք այն օրհնությանը, որ բաշխվում է Սբ Գրիգոր Լուսավորչի Աջից, Աջ, որին կապված ու հաստատված է ողջ հայ ժողովուրդը, Աջ, որ խորտակել է Հայոց աշխարհում խավար կռապաշտությունը և փարատել անգիտության խավարը և վերանորոգել քրիստոնեության լույսը, Լույս, որ մեր ազգին վերադարձրեց իր նախկին փառքը, ոգին, իմաստությունը, զորությունն ու անմահությունը:
Թող անսասան մնա Հայոց Հայրապետությունը:
Թող հավետ կանգուն լինի Հայոց Պետությունը:
Աստված միշտ ապավեն և պահապան է Ազգիս հայոց»։
Ասողիկ աբեղա Կարապետյանն ներկայացրել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Հրաշագործ Աջի պատմությունը. «Հայոց Սբ Տրդատ Գ. Մեծ արքայի հրովարտակով՝ Մեծ Հայքի թագավորությունում 301 թ. քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն: Համազգական վճռով Գրիգոր Պարթևն ընտրվել է Քրիստոնյա Հայաստանի Կաթողիկոս՝ բազմելով Հայոց առաջին լուսավորիչներ Սբ Թադեոս և Սբ Բարդուղիմեոս առաքյալների հիմնադրած առաքելական Աթոռին:
Շնորհիվ իր սրբակենցաղ վարքի և քրիստոնեական հավատքի համար կրած անասելի չարչարանքների, դեռևս իր կենդանության օրոք, Գրիգոր Ա. Պարթև Հայոց Կաթողիկոսը սրբացվել է հայ ազգի կողմից, իսկ նրա մեծագործությունների մասին վկայությունները սփռվել են ողջ քրիստոնեական աշխարհում:
Սբ Գրիգոր Ա. Պարթև Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական առաքելության, քարոզչական և կրթական սքանչելի գործունեության արդյունքում հայ ազգի կողմից պսակվել է ԼՈՒՍԱՎՈՐԻՉ պատվանունով, տիտղոսով:
Սբ Գրիգոր Ա. Լուսավորիչ Հայոց Կաթողիկոսը նաև կազմակերպել ու աջակցել է քրիստոնեության տարածմանը Վիրքում, Աղվանքում, Մազքթաց աշխարհում, Հյուսիսային Կովկասում, Հայոց Միջագետքում, Ատրպատականում:
Սբ Գրիգոր Ա. Լուսավորիչ Հայոց Կաթողիկոսն իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է ճգնակեցության մեջ՝ բնակություն հաստատելով Մեծ Հայքի Դարանաղի գավառի Սեպուհ լեռան Մանյա այրում: Սուրբ Հայրապետի վախճանից (325-328 թթ.) հետո տեղի է ունեցել նրա անշնչացած մարմնի՝ ոսկորների կամ նշխարների գյուտը: Եվ նշխարներն ամփոփվել են Թորդան գյուղում, սակայն այդ ժամանակ ոչ բոլոր ոսկորներն են դրվել տապանի մեջ. մի մասը և աջ ձեռքը փոխադրվել են Վաղարշապատ՝ Սբ Էջմիածնի Մայր Տաճար և զետեղվել հատուկ մասունքարանի մեջ՝ որպես «հաւատացելոց բարեպաշտութեան առարկայ»:
Այնուհետև Սբ Գրիգոր Ա. Լուսավորչի հրաշագործ մասունքներից աջ ձեռքն ամփոփվել է մետաղաշեն աջաձև մասունքարանի մեջ և Հայոց Եկեղեցու ու Ազգի կողմից ճանաչվել Մայր Աթոռի և Հայոց Կաթողիկոսի ծայրագույն հոգևոր իշխանության խորհրդանշանը՝ «իբրեւ կնիք եւ երաշխաւորութիւն օրինաւոր եւ ճշմարիտ Հայրապետութեան»:
Աջը նաև Հայոց Եկեղեցում կատարվող մյուռոնօրհնության հիմնական երեք սրբություններից մեկն է:
Լուսավորչի Աջը մշտապես երկյուղածությամբ ու մեծ զգուշավորությամբ պահվել է Հայոց Կաթողիկոսների մոտ:
1657 թ., Տ. Տ. Հակոբ Դ. Ջուղայեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Սբ Էջմիածնի միաբան Տ. Ստեփանոս վարդապետ Լեհացու նվիրատվությամբ, Սբ Գրիգոր Լուսավորչի աջ ձեռքի համար պատրաստվել է նոր մասունքարան:
Այս նոր աջաձև մասանց պահարանն ամբողջապես շինված է արծաթից և ոսկեջրված, տեղ-տեղ արծնապատված է, ընդելուզված՝ բնական քարերով: Բազուկի հատվածին, երկու կողմից, դրվագված են Սբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների տեսարանները, իսկ արմունկի մասում՝ դիմահայաց պատկերված է օրհնող Սբ Գրիգորը՝ հայրապետական հանդերձանքով (այս պատկերը նույնական է Սբ Էջմիածնի Մայր Տաճարի արևմտյան կենտրոնական զանգակատան վրայի Լուսավորչի հարթաքանդակին):
Հետագայում Լուսավորչի Աջին ուխտավոր հայորդյաց կողմից ընծայաբերվել են ոսկյա ականակուռ ապարանջան և մատանիներ: Աջին մատանի է ընծայել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը:
Սբ Գրիգոր Ա. Լուսավորիչ Հայոց Կաթողիկոսը համաքրիստոնեական տոնելի սուրբ է, նրա հրաշագործ մասունքներից առկա են նաև քրիստոնեական տարբեր եկեղեցիներում»:
©️ Սբ Գրիգոր Լուսավորչի սրբապատկերը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը