«Ժառանգություն». Ընտրություններն ապացուցեցին ժողովրդավարական ուղիով ընթանալու Արցախահայության վճռական կամքը
«Ժառանգություն» կուսակացությունը հանդես է եկել հայտարարությամբ Արցախում մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների մասին.
«Համավարակով պայմանավորված այս բարդ օրերում՝ մարտի 31-ին, Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները վկայեցին անվտանգության տարածաշրջանային սպառնալիքներին դիմագրավելու և զարգացման ժողովրդավարական ուղիով ընթանալու Արցախահայության վճռական կամքը:
«Ժառանգություն» կուսակացությունը լիիրավ վստահությամբ արձանագրում է Արցախի պետականության ամրությունը, քաղաքացիական հասարակության կայացման բարձր աստիճանը: Բազմակարծության, ազատ ու արդար մրցակցային մթնոլորտում կայացած այս երկու ընտրություններն ապացուցեցին, որ ժողովրդավարությունը Արցախի Հանրապետությունում խոր արմատներ ունի, գործող իշխանությունն ունակ է կազամակերպելու ազատ և թափանցիկ ընտրություններ և այդ ճանապարհով հաղթած ուժերին փոխանցելու մեր հայրենի երկրորդ պետականության կառավարման իրավունքը:
«Ժառանգությունը» համոզված է, որ Արցախի խաղաղ և անվտանգ գոյության, մեր ազգային միասնականության առաջնային երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը գործուն ու փոխհամաձայեցված քայլերով կշարունակի օժանդակել Արցախի իր գործընկերներին՝ ապահովելու Արցախի ընտրողների քաղաքական կամքի իրագործումը՝ ունենալ տնտեսապես զարգացած, բարձրարդյունավետ, սոցիալապես անվտանգ և իր սահմաններում աներեր կանգնած հայրենիք:
Շնորհավորում ենք Արցախի քաղաքական դաշտի բոլոր ուժերին, նրանց առաջնորդներին և համախոհներին կայացած ընտրությունների կազմակերպման գործում իրենց ներդրած ջանքերի համար, իսկ ժողովրդավարական ընտրությունների շնորհիվ խորհրդարանական մրցավազքը հաջողությամբ հաղթահարած քաղաքական միավորներին և նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթած երկու թեկնածուներին մաղթում ենք հետագա հաջողություններ մեր ազգային շահերի պաշտպանության և Արցախի ու Հայաստանի միասնականության հաստատման կարևոր գործում: Հավասարակշռված և համերաշխ քայլերով առաջ գնալու ճանապարհն այլընտրանք չունի: Մենք ուժեղ ենք միասին, հաղթել ենք միասին և առաջ ենք գնալու միասին»:
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյան. Ես երկրորդ փուլին սպասում էի վաղուց
- «Ականատես». Արցախի համապետական ընտրությունների քվեարկությունն ընթացել է որոշակիորեն լարված մթնոլորտում
- Արցախի ԿԸՀ նախագահ. Առանձնահատկություններն այս ոչ ստանդարտ իրավիճակում դառնալու է պատկան մարմինների քննարկման թեման
- Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը
- Արցախի Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ
- Արցախի ԿԸՀ նախագահ. Կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ
- Դանիել Իոաննիսյան. Մեր հաշվարկները վկայում են, որ Արցախում լինելու է ընտրությունների երկրորդ փուլ