Եվրահանձնաժողովը պատրաստ է գործողություններ ձեռնարկել Հունգարիայի դեմ` վարչապետի լիազորությունների վերաբերյալ որոշման պատճառով
Եվրահանձնաժողովը չի բացառում Հունգարիայի դեմ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը ՝ կապված կորոնավիրուսային համաճարակի համատեքստում վարչապետ Վիկտոր Օրբանին անժամկետ արտակարգ լիազորությունների տրամադրման երկրի խորհրդարանի որոշման հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ուրբաթ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը՝ ֆրանսիական «Եվրոպա 1» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«ԵՄ մի շարք երկրներ ձեռնարկել են արտակարգ միջոցառումներ համաճարակի դեմ և ես հասկանում եմ նրանց գործողությունները: Բայց այդ միջոցները պետք է հստակ սահմանված և նախանշված լինեն՝ սահմանափակված ժամանակահատվածով, ինչպես նաև ուղղված լինեն բացառապես քաղաքացիների առողջության պահպանմանը և վիրուսի դեմ պայքարի հրատապ միջոցների ձեռնարկմանը»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Նա շեշտել է, որ Եվրամիությունը ուշադիր հետևում է այս իրավիճակին և նոր օրենսդրությանը, որն ընդունվել է Հունգարիայում:
«Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք գործել, քանի որ պետք է ապահովվի երկրների ձեռնարկած միջոցների համաչափությունը իրավիճակին և տևողության սահմանափակումը: Ամենակարևորը, որ դրանք պետք է վերահսկվեն խորհրդարանի կողմից: Մենք Հունգարիայի կառավարության հետ քննարկում ենք այս հարցերը, բայց, կրկնում եմ, անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ », - ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Հունգարիայի Ազգային ժողովը, որում ձայների երկու երրորդը պատկանում է իշխող «FIDES- հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությանը, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համատեքստում մարտի 30-ին անորոշ ժամկետով երկրի վարչապետին արտոնյալ լիազորություններ է տվել : ԵՄ ղեկավարությունը դատապարտել է այս որոշումը: