Լիլիթ Գալստյան. Քաղավիացիայի կոմիտեի պետը պարզապես թռավ առաջին իսկ թեթև ցնցումից
«Պատկերացնու՞մ եք, թե սա ինչ լուրջ հարված է մեզ նման փակ /landlocked/, դեպի ծով ելք չունեցող երկրի համար»,- գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով 168.am-ի հրապարակած տեղեկատվությանը:
Ըստ հրապարակման, «Միջազգային ավիացիոն կազմակերպությունը» լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեր ողջ քաղաքացիական ավիացիայի և, մասնավորապես, օդաչուների համար, որոնց պարզապես կարող են թույլ չտալ թռչել։
Լիլիթ Գալստյանն ընդգծում է.
«Ընդամենը ամիսներ առաջ, ազգային փոխադրողի մասին մտածելու և տրանսպորտային, ավիացիոն քաղաքականություն մշակելու փոխարեն, «հիանում էինք» մի քանի տասնյակ հազար դոլար ճամփորդությունների վրա մսխած, նույնքան էլ պարգևավճար ստացած և ընդամենը տարակուսելի, մի քանի անփառունակ չվերթ Հայաստան բերած թիթեռնիկով:
Եվ ու՞ր է հիմա ՔԱ-ի պետը: Պարզապես թռավ առաջին իսկ թեթև ցնցումից՝ ապացուցելով երկրում իրականացվող կադրային քաղաքականության մերկությունը, սեփական քաղաքականության չգոյությունը, այդպիսի քաղաքականություն մշակել-իրականացնելու անունակությունը: Եվ, գոնե ինձ համար, հաստատ, մի դիտարկում ևս՝ այս հողի հետ կապ չունեցող ու նրա ցավը չկիսող մարդիկ հեռու պիտի լինեն որոշումներ կայացնելուց: Կառավարումը, որոշում կայացնելը, ոլորտային քաղաքականություն մշակելը ռոմանտիկ, կարճատև տուրիզմ չէ, ոչ էլ՝ բակալավրական փորձաշրջան:
Ի դեպ, տասը օր առաջ Կառավարությանը ներկայացրած մեր՝ ՀՅԴ փաթեթում, հետևյալ առաջարկությունը կա.
«Սկսել ազգային փոխադրողի ձևավորման աշխատանքներ` օգտվելով ճգնաժամի ընձեռած` քիչ ռեսուրսով շարժակազմ ձեռք բերելու հնարավորությունից: Հրաժարվել առկա անհեռանկարային և երկրի շահերից չբխող քաղաքականությունից և նախապատրաստվել նոր ավիացիոն քաղաքականությանը` թե՛ ներքին, թե՛ արտաքին կարգավորման առումով»:
Իհարկե, վստահ չեմ, որ կլսեք, կմտածեք, կգործադրեք...չէ՞ որ դուք ամեն ինչ գիտեք ու ամեն ինչ ձեզանով է սկսվում...
Ե՞րբ է գալու լրջանալու պահը, դուք պատկերացնու՞մ եք իրական մարտահրավերները, հակաճգնաժամային կառավարման պատասխանատվությունը...»։