Փարիզն առաջարկում է ՄԱԿ-ում քննարկել հակամարտության գոտիների վրա կորոնավիրուսի ազդեցության հարցը. ՏԱՍՍ
Ֆրանսիան առաջարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել հակամարտության գոտիների վրա կորոնավիրուսի ազդեցության հարցը։ Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին ուրբաթ օրը հաղորդել է «Ռոյթեր» գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին:
«Ռազմական գործողությունները հումանիտար պատճառներով դադարեցման նախաձեռնությունը պետք է քննարկվի Անվտանգության խորհրդում, և մենք հուսով ենք, որ նման հանդիպում տեղի կունենա, որպեսզի կարողանանք առաջ գնալ այս ուղղությամբ»,- հաղորդել են Ֆրանսիայի ղեկավարի աշխատակազմից:
Գործակալության տվյալներով, քննարկման փուլում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների համար (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) տեսակապով խորհրդակցություն կազմակերպելու հարցը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր, որ շուրջ 70 երկիր աջակցել է ամբողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչին՝ կորոնավիրուսի համաճարակը զսպելու համար:
Միևնույն ժամանակ, գլխավոր քարտուղարն ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ որոշ երկրներում հակամարտությունները չեն դադարում, այլ ընդհակառակը՝ սրվել են: