Կարտահանձնեն, թե ապաստան կտարամադրեն ադրբեջանցուն սպանելու մեջ մեղադրվող Մ. Լազարյանին
Հայաստանում կալանավորված, ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին է դիմել նրա փաստաբան Արկադյա Գևորգյանը։
Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ տեղեկացրել է.
«Դիմել են նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ:
Փաստաբանը բարձրացրել է ինչպես Միսակ Լազարյանին չհանձնելու, այնպես էլ Հայաստանում ապաստանի տրամադրման հարցերը:
Տեղյակ եմ, որ Գլխավոր դատախազությունը հանձնման հարցով դեռ որոշում չի կայացրել, և հարցը գտնվում է քննարկման փուլում:
Վաղն իմ որոշմամբ կնախաձեռնվի վարույթ և հանձնման ու ապաստանի հարցրեով պարզաբանումներ ու անհրաժեշտ տեղեկություններ ստանալու հարցերով կհասցեագրվեն գրություններ, կձեռնարկվեն օրենքով նախատեսված քայլեր։
Քանի որ փաստաբանը նշել է, որ Մ.Լազարյանը հայտարարել է հացադուլ, այդ հարցը նույնպես կլինի մեր ուշադրության ներքո»։
1990 թվականին ծնված Միսակ Լազարյանը հաշվառված է ՌԴ Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքում և սպանության համար՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով, հետախուզվում է ՌԴ իրավապահ մարմինների կողմից:
Միսակ Լազարյանին Ռուսաստանում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի դեկտեմբերի 22-ին մեկ այլ անձի հետ նախնական համաձայնությամբ ենթադրաբար սպանել է Ադրբեջանի Զումուրխաչ գյուղի բնակիչ Ջաբար Ալիևին:
ՀՀ իրավապահներին ներկայացած Մ. Լազարյանը հայտնել է, որ ինքը չի սպանել Ջ.Ալիևին, սակայն տեղյակ է դեպքից և պատրաստ է Հայաստանի Հանրապետությունում համապատասխան վարույթ սկսելու դեպքում պատմել ամբողջ իրականությունը և պատասխանատվություն կրել ՀՀ օրենքներով:
Ըստ Մ. Լազարյանի՝ ադրբեջանցի Ջ.Ալիևի նկատմամբ բռնություն կիրառելու պատճառն այն է եղել, որ վերջինս ռասսայական, ազգային և կրոնական շարժառիթներով հայ ազգի նկատմամբ պարբերաբար դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք, ինչն արտահայտվել է նրա կողմից պարբերաբար հայ ազգի ինքնությունը վիրավորող և հայ ազգի նկատմամբ թշնամական տրամադրվածություն ստեղծող հրապարակային կոչեր հնչեցնելով ու տարածելով:
Ինչպես Lragir.am-ին հայտնել է Միսակ Լազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արկադյա Գևորգյանը, իր պաշտպանյալը ինքնակամ ներկայանալու օրը ձերբակալվել է, իսկ երեք օր անց՝ 2020 թվականի մարտի 13-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատախազության միջնորդությունը բավարարելով՝ Լազարյանի նկատմամբ կիրառել է ժամանակավոր կալանավորում՝ 40 օրով, որի ընթացքում Ռուսաստանից ստացված հանձնման պահանջի հիման վրա նա պետք է հանձնվի ՌԴ իրավապահներին: