Կորոնավիրուս․ Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի շենքը վերածվում է թեստավորման կենտրոնի
Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի շենքերը վերածվում են Covid-19-ի թեստավորման ու խորհրդատվական կենտրոնի: Այս մասին, ինչպես գրում է Ouest-France-ը, հայտնել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Ամելի Մոնտշալանը։
Նախարարը նշել է, որ հարցը քննարկվել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիի հետ։ Սա պետք է արվի առաջիկա օրերին։
Նշենք, որ իտալացի Դավիդ Սասոլին հայտնել էր, որ նա Բրյուսելի իշխանություններին է տրամադրել նաև Բրյուսելում պառլամենտի շենքերից մեկը, ինչպես նաև 100 տրանսպորտային միջոցների պարկը։
Եվրոպական խորհրդարանն իր լիագումար նիստերն անցկացնում է Բրյուսելում և Ստրասբուրգում։ Համաճարակի պատճառով մարտի և ապրիլ ամիսներին Ստրասբուրգում նիստեր տեղի չեն ունենում։