Պարույր Սևակի համայնքապետ. «Լավ է, որ կանայք իրարից հեռու են եղել»
Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքի բնակչուհին, որը ապրիլի 5-ին գնացել էր բանջար հավաքելու ու ականի պայթյունից վիրավորվել, վիրահատվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ոտքը վնասած բեկորները հանել են, վիճակը նորմալ է։ Մյուս ոտքն անդամահատվել է, հենց ականի վրա էր այն վնասվել։ Panorama.am-ին ասաց Պարույր Սևակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը։
Նա պատմեց, որ հինգ կանանցով գնացել են բանջար հավաքելու իրենց վարչական շրջանի տարածքում, սակայն անցել են չթույլատրված տարածք, մոտ 500 մետր։ Է.Ստեփանյանի խոսքով, Նախիջևանի հետ սահմանը վերհսկվում է սահմանապահների կողմից, այդ ամբողջ տարածքը պաշտպանական գոտի է, ականներ կան։ Հենց այդ ականներից մեկն էլ պայթել է։
«Լավ է, որ կանայք իրարից հեռու են եղել, այլապես այսօր մեկ վիրավորի փոխարեն հինգ էինք ունենալու»,- ասաց համայնքի ղեկավարը։
Հարցին, արդյո՞ք սահմանապահները չեն զգուշացրել նրանց, արդյո՞ք կանայք չեն լսել նրանց ու գնացել են առաջ, նա պատասխանեց. «Իհարկե, զգուշացրել են»։
Է. Ստեփանյանն ասաց, որ մյուս կանանց վիճակը նորմալ է։
«Ցավալի է, որ երիտասարդ կին է այդ վիճակում, երեք անչափահաս երեխա ունի, տեսնենք, ինչպես կարող ենք նրան օգնել»,- ասաց համայնքի ղեկավարը։