Վեհափառ Հայրապետի օրհնությամբ դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը
Ապրիլի 9-ին՝ Ավագ Հինգշաբթիի խորհրդական օրվա կապակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է վաղ առավոտյան կատարվող Ապաշխարողաց կարգին: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական համակարգից:
Այնուհետև Միջօրեի ժամերգությունից հետո մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: Պատարագիչն էր Սուրբ Գայանե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը, ով նաև Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցել է Սուրբ Բարսեղ Կեսարացու`«Սուրբ Հաղորդության մասին» հայտնի ճառը:
Նույն օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Ոտնլվայի կարգը: Այս առիթով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ դուրս էր բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը։
Հընթացս արարողության՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է խորանի վրա դրված ջուրն ու յուղը, ապա հոգեպարար շարականների երգակցության ներքո, Աստվածորդու օրինակով ծնկի գալով, լվացել և յուղով օծել Մայր Աթոռի միաբաններ՝ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանի և Բարեշնորհ Արամայիս սարկավագ Սողբաթյանի ոտքերը:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը սրբի մասունքով օրհնել է հայրենի երկիրը և աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին՝ հայցելով Հայոց Եկեղեցու մեծ աղոթողի բարեխոսությունը համավարակի այս ծանր իրավիճակի դիմագրավման համար։