Պետական նշանակության մոտ 34 կմ ավտոճանապարհ կհիմնանորոգվի
Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգումն ապահովելու նպատակով՝ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ընդհանուր առմամբ որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը 33.7 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 10.0 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 17.7 կմ և մարզային նշանակության ավտոճանապարհներ` 6 կմ: Ըստ այդմ՝ առաջարկվում է 4.1 մլրդ դրամը հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» կատարումն ապահովվելու նպատակով:
Հիմնավորման համաձայն՝ 4.1 մլրդ դրամից 3.7 մլրդ դրամն անհրաժեշտ է 2019 թ. իրականացված, ինչպես նաև անավարտ շինարարական օբյեկտների շինարարության, տեխնիկական, հեղինակային հսկողության համար, 73.9 մլն դրամը` նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքների համար, և 353.4 մլն դրամը` տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որոշ ճանապարհների մասով, անհրաժեշտ գումարները պայմանավորված են նաև նրանով, որ դեռևս 2019թ. իրականացված աշխատանքների մի մասը պատվիրատուի կողմից չի ընդունվել՝ ոչ պատշաճ կամ թերի կատարելու պատճառով։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անկախ կորոնավիրուսից նախորդ տարի մեր հրապարակած նախագծերը՝ այս տարի 500 կմ ճանապարհ վերանորոգելու հետ կապված, ամբողջությամբ ուժի մեջ է:
«Այն ծախսերը, որոնք մտածում ենք, որ այս տարի չենք կարող իրականացնել, բյուջեում վերաբաշխումներ ենք անում, որպեսզի առաջացած տարածքում հնարավորություն ունենանք ներգրավել նոր միջոցներ և ընդլայնել մեր պլանավորած կամ հնարավոր կապիտալ ծախսերի մասշտաբը: Այս թեմայով նույնպես մեր քննարկումները սկսել ենք և կշարունակենք մինչև համոզվենք, որ այդտեղ հարցը կարգաբերել ենք հնարավորինս լավագույն ձևով»,- նշել է վարչապետը և հույս հայտնել, որ ամեն ինչ կընթանա նախատեսածով: